Լևոն Ալթունյանն այցելել է Արարատի մարզ
Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ քննարկել է մարզի առողջապահության ոլորտի առկա վիճակը, խնդիրները և զարգացման ու օպտիմալացման ուղիները։ Երկուստեք կարևորվել է եղած ֆինանսական միջոցների և մասնագիտական ներուժի արդյունավետ կառավարումը։
Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է մարզի բժշկական կազմակերպությունների վիճակը, մարզպետարանի կողմից նախատեսվող աշխատանքներն ինչպես շենքային պայմանների բարելավման, այնպես էլ` գյուղական բնակավայրերը մասնագետներով ապահովելու ուղղությամբ։
Այնուհետև մարզպետի ուղեկցությամբ նախարարն այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն, որն այժմ ամբողջությամբ տեղակայվել է ադմինիստրատիվ մասնաշենքում։ Լևոն Ալթունյանը շրջել է կենտրոնում, հետաքրքրվել հատկապես մանկական բաժանմունքում բուժվող հիվանդների վիճակով, նրանց բուժման արդյունքներով։
Կենտրոնի բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ նախարար Ալթունյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները և դրանցից ակնկալվող արդյունքները։ Անդրադառնալով էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանը` նա նշել է, որ սկզբնական շրջանում գուցե դժվար կլինի, սակայն կհամոզվեն, թե այն որքան կարևոր է
Նախարարը բուժաշխատողներին հորդորել է վստահել իրենց ուժերին։ «Մենք բոլորս ուզում ենք գերմանական բժշկություն ունենալ։ Գերմանացիները մեզանից ավելի խելացի չեն։ Պարզապես նրանք անում են այն` ինչ գրված է, ինչպես կարգն է։ Մենք կգրենք այդ կարգերը և ձեզ հետ միասին կփորձենք Հայաստանի բժշկության նոր մակարդակ ապահովել»,-ասել է Լևոն Ալթունյանը։
Նա նշել է, որ գլխավոր մասնագետների աշխատանքային խմբերն ակտիվորեն զբաղվում են կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի մշակմամբ։
Կենտրոնի բուժաշխատողները նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները։ Ի պատասխան այն հարցի, թե ե՞րբ Հայաստանում կներդրվի բժշկական պարտադիր ապահովագրությունը` Լևոն Ալթունյանը պատասխանել է, որ այս պահին մշակվում և հստակեցվում են պարտադիր ապահովագրավճարի չափերը։ Նա բուժաշխատողներին վստահեցրել է, որ իրենք ևս ներգրավված կլինեն։
Բարձրացված առանձին հարցերի պարզաբանումները նախարարը խոստացել է տալ խնդիրներին մանրամասն ծանոթանալուց հետո։