«Ընդամենը 3-4 կուսակցություն կամ դաշինք կարող է հայտնվել խորհրդարանում»
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ ԱԺ առաջիկա ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի հնարավորությունները որոշ չափով արդեն հայտնի են. հաղթանակի գլխավոր հավակնորդը, նրա համոզմամբ՝ ՀՀԿ-ն է:
«Հանրապետական կուսակցությունը տրամադրված է խորհրդարանում 54 տոկոս ձայն ստանալու: Եթե, իհարկե, չլինի որևէ անկանխատեսելի իրադարձություն, չեմ տեսնում այլ քաղաքական ուժ, որը կարող է հանրապետականներին շրջանցել»,- այսօր հայտարարեց Ա. Իսկանդարյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ, եթե նույնիսկ Հանրապետական կուսակցությունը մեծամասնությամբ չհայտնվի Ազգային ժողովում, այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կկազմի:
Մյուս լուրջ հնարավորություն ունեցող քաղաքական ուժը, ըստ Իսկանդարյանի, «Ծառուկյան» դաշինքն է, որը նույնպես կարող է մեծ տոկոսային ձայներ հավաքել: Իսկանդարյանի կարծիքով` մնացած քաղաքական ուժերի միջև սուր պայքար է գնալու նվազագույն շեմը հաղթահարելու համար: «Եթե մաթեմատիկորեն դիտարկենք, ընդամենը 3-4 կուսակցություն կամ դաշինք կարող է հայտնվել խորհրդարանում, այլ ուժեր ուղղակի տեղ չեն ունենա խորհրդարանում»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք կլինե՞ն առաջիկա ընտրությունների օրը խախտումներ, Իսկանդարյանը պատասխանեց. «Այս ընտրություններում գրեթե բոլոր ընտրատարածքներում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական նոր սարքավորումներ, ինչպես նաև տարբեր երկրներից գալու են բազմաթիվ դիտորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ուստի խախտումները հայտնաբերելը կլինի ավելի հեշտ»: