«Սա այս իշանությունների վրա մնալու է մշտական խարան». Լևոն Զուրաբյանը՝ «Հաց բերողի» մահվան մասին
«ՀՀ իշխանությունները բացարձակ ոչնչով չարդարացված հալածանքներ և որոշումներ իրականացրին «Հաց բերողի» նկատմամբ` գուցե հենց քաղաքական նպատակներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` խոսելով Արթուր Սարգսյանի մահվան և նրա հետ կատարվածի մասին:
Ըստ նրա` սուտ է, որ Արթուր Սարգսյանը իբր չի ներկայացել դատավարությանը, նա պատրաստ էր ներկայանալ: Նա նշեց, որ այստեղ տեղի է ունեցել հանցագործություն, և իրենք հայտարարություն են արել ու պահանջել, որ մեղավորները պատժվեն:
«Սա այս իշանությունների վրա մնալու է մշտական խարան»,- ասաց Լ.Զուրաբյանը` նշելով, որ անկախ նրանից, թե իրենք ոնց են վերաբերվում այն մարդկանց, ում Սարգսյանը փորձել է օգնել, նրա արարքը զուտ մարդասիրական մոտեցում էր, իսկ իր նկատմամբ արվածը չի կարելի արդարացնել: Պատգամավորը նշեց, որ ինքն ու իր գործընկեր Արամ Մանուկյանն անձնապես երաշխավոր են կանգնել Արթուր Սարգսյանի համար, հանդպել և խոսել են նրա հետ ու ստացել շատ արդարամիտ, ադեկվատ, սկզբունքային, համարձակ մարդու տպավորություն, որը պարաստ է իր սկզբունքների հաղթանակի համար գնալ մինչև վերջ. «Եվ նա արեց դա»:
Լ.Զուրաբյանը նշեց, որ այսօր Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հավաք էր նախատեսել Աշտարակում և մարդիկ հավաքվել էին, բայց ոչ թե նախընտրական քարոզարշավ է եղել, բուկլետներ են բաժանվել, այլ այն ինքնաբերաբար վերածվել է բողոքի ցույցի, մարդու իրավունքների ոտնահարումների, որ տեղի է ունեցել Արթուր Սարգսյանի նկատմամբ: Ըստ նրա` Արթուր Սարգսյանի դեպքը միակը չի, խնդիրը համակարգային է. «Մեր ծրագրային դրույթներից մեկը բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելն է»:
Թե վաղը դաշինքը քարոզչություն իրականցնելու է, թե ոչ՝ Լ.Զուրաբյանը նշեց, որ չգիտի: