«Փառք Աստծո, ես այլ կոնտինգենտ ունեմ, որոնց հետ կարող եմ աշխատել դրսերում». Դասախոս թեկնածուն՝ ուսանողներին ստիպողաբար քարոզարշավի տանելու լուրերի մասին
«168 Ժամ» թերթի խմբագրություն ահազանգած Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ ուսանողներ մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպողաբար տանում են նախընտրական քարոզարշավի։ Ուսանողների խոսքով՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր, ԲՀԿ անդամ, «Ծառուկյան» դաշինքի ցուցակում 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Մարինա Մարգարյանը համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի գիտությամբ ուսանողներին ստիպում է մասնակցել քարոզարշավներին։
Մենք փորձեցինք այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ հենց Մարինա Մարգարյանից։ Ստրորև ներկայացնում ենք մեր հեռախոսազրույցը.
– Տիկին Մարգարյան, մենք տեղեկություններ ունենք, որ Ձեր ուսանողներին ստիպում եք մասնակցել նախընտրական քարոզարշավին։
– Դա լրիվ սուտ է, ոչ մի քարոզարշավի ես ինքս չեմ մասնակցում։ Ես չեմ հասկանում՝ դա ո՞ւմ բաներն է։
– Այսինքն՝ Ձեր ուսանողները ստո՞ւմ են։
– Նման ուսանող չկա, որ ասի՝ ես ստիպողաբար իրեն տանում եմ քարոզարշավի։
– Բայց մեզ հենց Ձեր ուսանողներն են դիմել, ու հասկանալի պատճառներով՝ նրանց անունները չենք հրապարակում։
– Չկա տենց ուսանող։ Եթե ես քարոզարշավի չեմ մասնակցում, եթե ես աշխատում եմ իմ աշխատանքի վայրում, էդ քարոզարշավը որտե՞ղ եմ ես տանում իմ ուսանողին։ Պետք է ես ինքս մասնակցեմ, որ ուսանողին էլ իմ հետ տանեմ, չէ՞։ Դե, բա վերջ, ինչո՞ւմն է հարցը։
– Գուցե չեք մասնակցում, բայց աջակցում եք այն քաղաքական ուժին, որի ցուցակի 20-րդ համարն եք։
– Ինչի՞ն եմ աջակցում։
– Ձեր քաղաքական ուժին՝ ԲՀԿ-ին, նրա նախընտրական քարոզարշավին։
– Կներեք, ես ԲՀԿ-ին աշխատանքից դուրս՝ ժամը 4-ից հետո, ինչ ես անում եմ արդեն իմ բնակության վայրում և այլ տեղամասերում, դա իմ իրավունքն է։ Բայց ես ոչ մի բան համալսարանի սահմաններում չեմ անում և ուսանողների հետ էլ գործ չունեմ։ Փառք Աստծո, ես բավականին այլ կոնտինգենտ ունեմ, որոնց հետ կարող եմ աշխատել դրսերում։