Բաժիններ՝

«Արթուր Սարգսյանը ոչ թե մահացավ, այլ սպանվեց». իրավապաշտպան

«Արթուր Սարգսյանը ոչ թե մահացավ, այլ սպանվեց։ Նա դարձավ այս իշխանությունների հերթական զոհը։ Մենք ականատես եղանք լեգենդի կայացմանը, տեսանք, թե ինչպես է դա ձևավորվում, բայց այդ լեգենդն ու առասպելը ցույց է տալիս, որ անկախ իշխանությունների վարած քաղաքականության, որը ստիպում է, որպեսզի հասարակության ակտիվ զանգվածը հեռանա երկրից, հուսահատվի, «Հաց բերողի» քայլը, միտինգների ժամանակ երիտասարդների ակտիվությունը ցույց է տալիս, որ միշտ էլ ՀՀ-ում կգտնվեն մարդիկ, որոնք հանուն իրենց արժանապատվության, ոչ թե հանուն ինչ-որ քաղաքական իդեաների, պատրաստ են դուրս գալ հրապարակ, պատրաստ են գնալ բանտ, գնալ հացադուլի»,- այսօրվա քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ-ի ղեկավար Վարդան Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Արթուր Սարգսյանի մահը պետք է առիթ հանդիսանա, որ մեր հասարակությունը շատ խոսի, իսկ լրագրողները շատ գրեն խափանման միջոց հասկացության մասին.

«Արդեն 25 տարուց ավելի է՝ Հայաստանն իրեն հայտարարել է անկախ պետություն, գնում է իբրև թե բոլորովին այլ ուղղությամբ, բայց մարդու նկատմամբ շարունակում են պահպանվել սովետական մոտեցումները։ Երբ ցանկացած հանցանք կամ անգամ զանցանք գործած մարդը հայտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, անպայման նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառում են կալանավորումը»։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ Արթուր Սարգսյանին ազատ արձակելուց հետո երկրորդ անգամ կալանավորեցին, որովհետև այս իշխանությունները նրան չկալանավորել չէին կարող։ Նրա խոսքով՝ ազատության մեջ լինելու ժամանակ «Հաց բերողը» սկսեց հասարակության աչքին երևալ իր հպարտ կեցվածքով, ինչը, ըստ նրա՝  իշխանությունները հանդուրժել չէին կարող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս