Սան Մարինոյում պետության ղեկավարների պարտականություններն առաջին անգամ կկատարեն երկու կանայք
Աշխարհի հնագույն հանրապետության՝ Սան Մարինոյի բազմադարյան պատմության մեջ առաջին անգամ այս պետության ղեկավարների պարտականությունները կկատարեն երկու կանայք: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մի աղբյուր Սան Մարինոյի խորհրդարանական Պալացո Պուբլիկոյում:
Ըստ հնադարյան ավանդույթի՝ բոլոր կողմերից Իտալիայի տարածքով շրջապատված պետության ղեկավարների լիազորությունները պատկանում են երկու կապիտանռեգենտների, որոնք Մեծ գլխավոր խորհրդի (խորհրդարանի) կողմից նշանակվում են վեցամսյա ժամկետով. յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1ը եւ հոկտեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 1-ը:
Ներկայացնելով պետությունը եւ լինելով սահմանադրական կարգի երաշխավորները՝ նրանք իրենց գործունեությունն իրականացնում են կոլեգիալության հիման վրա:
Մեծ գխավոր խորհրդի՝ մարտի 16-ի երեկոյան կայացած նիստում Ամենապայծառափայլ Հանրապետության նոր կապիանռեգենտներ են ընտրվել Միացյալ ձախ ուժերի համակարգող Վանեսա դ’Ամբրոզիոն եւ Civico 10 հասարակական շարժման ակտիվիստուհի Միմմա Ձավոլին:
Կապիտանռեգենտների երդմնատվության հանդիսավոր արարողությունը կկայանա ապրիլի 1-ին Տիտանո լեռան վրա, որտեղ գտնվում է երկրի մայրաքաղաք Սան Մարինոն:
Բարձրագույն պետական պաշտոնում նշանակելով գեղեցիկ սեռի երկու ներկայացուցիչների՝ Սան Մարինոյի խորհրդարանի անդամները, որն ընտրվել է 2016 թվականի դեկտեմբերին, որոշել են այս կերպ ընդգծել այն ծանրակշիռ դերը, որը կանայք կոչված են խաղալու հանրապետության հասարակական կյանքում եւ պետական ինստիտուտներում, նշել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը: Ըստ որում ընդգծվել են դ’Ամբրոզիոյի եւ Ձավոլիի բարձր անձնական արժանիքները եւ լուրջ քաղաքական ու պրոֆեսիոնալ փորձը:
Ուշագրավ է նաեւ, որ Վանեսա դ’Ամբրոզիոն, որի 29 տարին լրանում է ապրիլի վերջին, ներկայում ամենաերիտասարդն է աշխարհում գործող պետությունների եւ կառավարությունների ղեկավարներից: