
«Վիրահատության ընթացքում պարզվել է, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ». ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արթուր Սարգսյանը, որ հանրության շրջանում հայտնի է որպես «Հաց բերող», այսօր ժամը 15.40-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Նա հիվանդանոց էր ընդունվել մարտի 15-ին, ժամը 18.50-ին` օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ։ Վիրահատվել է գիշերը` անհետաձգելի ցուցումներով։
Վիրահատության ընթացքում պարզվել է, որ հիվանդի մոտ առկա է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։
Կատարվել է ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։
Վաղ հետվիրահատական շրջանում Արթուր Սարգսյանի մոտ զարգացել է սուր սրտանոթային և թոքային անբավարարություն։
Հիվանդին միացվել է արհեստական շնչառության սարք։ Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված միջոցառումներին` Արթուր Սարգսյանի կյանքը չի հաջողվել փրկել»։