
«Նահանգապետարանի միջամտությունն իրավական հիմք չունի». Մեջլիսի հայ պատգամավորների արձագանքը

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորներ Գարո Փայլանը և Սելինա Դողանը մեկնաբանել են տեղապահի ընտրության արդյունքների հրապարակումից հետո նահանգապետարանի կողմից արված միջամտությունն ու գործընթացի ներկա իրավիճակը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Փայլանն ասել է. «Այսօր հայտնի դարձավ, որ Արամ սրբազանը տարիներ ի վեր պատրիարքարանը ղեկավարել է որպես հոգաբարձու, իսկ այժմ էլ պետության ներսում ինչ-որ մեկի հետ համագործակցությամբ իր գործունեությունը շարունակելու համար հեղաշրջում իրականացրեց: Մենք այդ հեղաշրջումը չենք ընդունում, չպետք է ընդունենք: Ի վերջո տեղապահի ընտրություն անցկացվեց, երկու թեկնածուներից մեկը հաղթանակ տոնեց: Բոլորս պետք է շնորհավորենք հաղթանակ տարած թեկնածուին և անհապաղ արագացնենք պատրիարքի ըն տրության շուրջ աշխատանքները»:
Քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանն արձագանքել է նահանգապետարանի կողմից արված միջամտությանը` ասելով. «Այստեղ ընդունելի որևէ բան չկա: Ոչ մի իրավական հիմք: Այս միջամտությունը գործընթացն ավելի խճճված է դարձրել»: