Սպիտակ տունը 3,1 մլրդ դոլարի օգնություն է առաջարկում Իսրայելին
ԱՄՆ-ի միջազգային օգնության ծրագրերի կրճատումը չի վերաբերի անվտանգության բնագավառում Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:
«Բյուջեն 3,1 մլրդ դոլար է տրամադրում անվտանգության բնագավառում Իսրայելի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման եւ սպառնալիքներից իրեն պաշտպանելու Իսրայելի հնարավորությունն ապահովելու եւ (հարեւանների նկատմամբ) որակական առավելությունը պահապանելու համար»,-ասված է 2018 թվականի բյուջեի հիմնական դրույթներում, որոնք տարածել է Սպիտակ տունը:
Դրա հետ մեկտեղ Պետդեպարտամենտի եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միագումար ֆինանսավորումը կրճատվել է 28 տոկոսով՝ մինչեւ 25,6 մլրդ դոլար: Այդ կրճատումը հիմնականում ձեռք է բերվել մյուս երկրներին ցուցաբերվող միջազգային օգնության կրճատման հաշվին:
Բյուջեի վերջնական նախագիծը ներկայացվելու է մայիսին: Որպեսզի այս նախագիծն օրենք դառնա, պահանջվում Է Կոնգրեսի երկու պալատների հավանությունը եւ նախագահի ստորագրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: