25 ուսանող-ծնողի ուսման վարձերը փոխհատուցեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ասաց, որ այդ ուսանողներն ուսման գումար ընդհանրապես չեն վճարում։
«Ամբողջ գումարը փոխհատուցում է ՀԵՀ-ը հենց հիմնադրամի միջոցներից։ Ծրագիրն արդեն 6-րդ փուլում է, այսինքն՝ արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվում է, և սա բացառապես երիտասարդական հիմնադրամի որոշումն է։ Մենք կարողացել ենք գումարներ խնայել, որովհետև ինքներս մտածում ենք, որ մարդասիրական քայլ է։ Ծրագրի շրջանակում կարողանում ենք այն հոգս ու խնդիրը, որն ընկած է տվյալ ընտանիքի ուսերին, մենք վերցնում ենք մեզ վրա»,- նշեց Ավագյանը։
Հիմնադրամն ուսումնառության ամբողջ ընթացքում փոխհատուցում է պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող և երկու ու ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը։ Ուսման վարձը փոխհատուցվում է ամբողջությամբ և ամբողջ ուսումնառության ընթացքում։ 2016-2017 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է 25 ուսանողի ուսման վարձ։
Շահառուները Երևանում և մարզերում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից են՝ Երևանի պետական համալսարան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ագրարային համալսարան, Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղ, Գեղարվեստի պետական ակադեմիա, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Գորիսի պետական համալսարան, Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան, Վանաձորի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան և այլն։
Հիմնադրամը նաև ուրիշ ծրագրեր է իրականացնում կապված ուսանողների կրթաթոշակների հետ։
Կարեն Ավագյանի խոսքով՝ մոտ տասն օր առաջ 745 1-ին կուրսի ուսանողներ, ովքեր ունեին բարձր առաջադիմություն, արժանացան համապատասխան դրամաշնորհների։
«Մենք հայտարարել ենք նաև վարձի փոխհատուցում այն ուսանողների համար, ովքեր մասնակցել են ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական գործողություն և մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների։ Նրանք 30 % էին ստանում, այժմ 20 % են ստանում։ Կան նաև սահմանամերձ համայնքներում ապրող ուսանողների համար նախատեսված կրթաթոշակներ»,- շեշտեց Կարեն Ավագյան։
Ծրագրի մեկնարկի առաջին տարում ուսման վարձի փոխհատուցում ստացել է երեխաներ ունեցող 7 ուսանող։ Տարեցտարի երեխաներ ունեցող ուսանողների թիվն աճում է։ Սա ծրագրի 6-րդ փուլն է։ 6 փուլերի ընթացքում, ընդհանուր առմամբ, տրվել է 131 փոխհատուցում։