«Ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները հեղափոխական են և ժողովրդավար». Վիկտոր Գումինսկի

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 16-ին ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի գլխավորած պատվիրակությանը, ովքեր մեր երկիր են այցելել խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Էդուարդ Շարմազանովը հյուրերին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները, մասնավորապես Ընտրական նոր օրենսգրքի քննարկման եւ ընդունման փուլերը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է իշխանության եւ ընդդիմության փոխհամաձայնության արդյունքում:

Պարոն Շարմազանովը փաստել է, որ մեր երկիրը բռնել է խորհրդարանական կառավարման ուղին եւ այդ ճանապարհին առանձնակի կարեւորել է դիտորդական առաքելությունների կատարած աշխատանքը եւ տրված անաչառ գնահատականները: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն ընդգծել է հատկապես ԱՊՀ դիտորդների դերակատարությունը:

Պարոն Շարմազանովը կարեւորել է ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրությունների կազմակերպումը եւ հավելել. «Թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար ստեղծված են բոլոր նախադրյալները՝ քաղաքական եւ քաղաքացիական կամք, նոր Ընտրական օրենսգիրք եւ նոր Սահմանադրություն: Նախընտրական քարոզչության իրականացման հարցում եւս բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են հավասար պայմաններ»:

Վիկտոր Գումինսկին իր հերթին նշել է, որ իրենց հիմնական նպատակն է քաղաքական չեզոքության պահպանումը: Նա կարծիք է հայտնել, որ Ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները հեղափոխական են եւ ժողովրդավար: Պարոն Գումինսկին մանրամասն ներկայացրել է իրենց առաքելության նպատակը եւ առաջիկայում իրականացվելիք քայլերը:

Տեսանյութեր

Լրահոս