Դե Միստուրան հորդորել է քաղաքական գործընթացի վիժեցում թույլ չտալ Դամասկոսում ահաբեկչությունից հետո
ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հորդորել է Սիրիայում քաղաքական գործընթացի վիժեցում թույլ չտալ Դամասկոսում կատարված ահաբեկչական գործողություններից հետո: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
«Աստանայում կայացած վերջին հանդիպումից հետո եւ Ժնեւի բանակցություններից առաջ չի կարելի թույլ տալ, որ քաղաքական գործընթացի վիժեցման ուղղված գործողությունները հաջողության հասնեն»,-ընդգծվում է հայտարարության մեջ:
Մարտի 15-ին Դամասկոսում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունները 35 մարդու կյանք են խլել, ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված միջազգային հանդիպումն Աստանայում կայացել է մարտի 14-15-ին:
Ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների հերթական փուլի մեկնարկը նշանակված է մարտի 23-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: