«Սոցիալական ոլորտում միջոցներն արդյունավետ ծախսելով ծառայությունների ծավալը կմեծացնենք 20-30 տոկոսով». Կարեն Կարապետյան
Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրով նախատեսում է սոցիալական ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ: Այդ մասին Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք սոցիալապես անապահով քաղաքացուն այսօր ուշադրություն չենք դարձնում այնքան, որքան պետք է, բայց միևնույն ժամանակ, մեր եկամուտների մեջ անապահով խավին տրամադրում ենք շատ ավելի մեծ միջոցներ, քան տրամաբանական է: Մեկ տրիլիոն 100 միլիարդ դրամի պետական բյուջեի պարագայում 405 միլիարդն ուղղված է սոցիալապես անապահով խավին: Այս բյուջեն սպառողական է, վերարտադրվող չէ, իսկ էֆեկտի՞վ ենք այն ծախսում. ոչ: Այս պահին սոցիալական ոլորտում ունենք մեծածածավալ բարեփոխումների ծրագիր, նախ և առաջ մենք պետք է արդյունավետ ծախսենք այդ փողը, ում չի հասնում այդ գումարը, նա չպետք է ներառվի այդ դաշտում»,- ասաց Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ նույն բյուջեի պարագայում հնարավորություն կա, ֆիլտրելով, կարգերը փոխելով բերել նրան, որ 20-30 տոկոսով ավելի ծառայություններ մատուցվեն սոցիալապես անապահովներին:
«Մեր բարեփոխումները և տեսլականը սոցիալական ոլորտում լինելու է այս թեզերի շուրջ: Եթե սոցիալական ոլորտում դնում ենք սխալ հիմք, բազմաթիվ մարդիկ մոտիվացվում են դառնալու սոցիալապես անապահով: Բերում ենք մի իրավիճակի, որ մարդիկ նախընտրում են լինել սոցիալապես անապահով, քան աշխատել»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը: