Մալայզիայի իշխանությունները նշել են Կիմ Չեն Նամի մարմինը ԿԺԴՀ-ին հանձնելու պայմանը
Մալայզիայի իշխանությունները չեն բացառել, որ կարող են Կիմ Չեն Նամի մարմինը հանձնել Փենյանին, եթե փոխարենը հանվի ԿԺԴՀում գտնվող մալայզիացիների համար այդ երկրի սահմաններից հեռանալու արգելքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է երկրի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին:
«Մենք դիտարկում ենք երկրի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու բոլոր հնարավորությունները»,-ասել է նա, պատասխանելով համապատասխան հարցին: Նրա խոսքով՝ «այս կապակցությամբ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների հետ պաշտոնական կոնսուլտացիաներ են անցկացվում մարտի 13-ից»:
Բացի այդ, փոխվարչապետն ընդգծել է, որ Քուալա Լումպուրի օդանավակայանում զոհված Կին Չեն Նամի ինքնությունը «որոշվել է ԴՆԹ-ի նմուշի շնորհիվ, որը վերցվել էր հանգուցյալի երեխաներից մեկից»:
Փորձաքննության մանրամասները եւ նմուշների ստացման եղանակը նա չի
բացահայտել: Ենթադրվում է, որ հատուկ դրա համար Մալայզիա է ժամանել հանգուցյալի որդին՝ Կիմ Չեն Սոլը, սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չի եղել:
Միաժամանակ երկրի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթհասիվամը մարտի 13-ին հայտարարել էր, որ իշխանությունները հանգուցյալի ընտանիքին երեք շաբաթ են տալիս դիարանից մարմինը վերցնելու համար: Հակառակ դեպքում բացառված չԷ դիակիզումը Մալայզիայի տարածքում:
Կիմ Չեն Նամը մահացել է փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Մալայզիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ մահը վրա է հասել արգելված նյարդակաթվածահարական VX (վիէքս) նյութի ներգործության հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: