«Ո՛չ մի ռուսական զենք չունի այդ ուժը, ո՛չ մի գերտերություն մեր փոխարեն չի անելու այն, ինչի մասին երազում ենք ինքներս». Հրանտ Վարդանյան

168.am-ը ներքաղաքական ընթացիկ զարգացումների, մասնավորապես՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների և ընթացիկ քարոզարշավի մասին լսել է մտավորականներից մի քանիսի տեսակետներն ու կարծիքները՝ ինչպե՞ս են նրանք գնահատում քարոզարշավի ընթացքը, ի՞նչ ակնկալիքներ ունեն ընտրությունների հետ կապված և ո՞ւմ օգտին են պատրաստվում քվեարկել:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն այս առնչությամբ, պարզվում է, այնքան էլ լավատես չէ՝ չեմ տեսնում որևէ մեկին կամ որևէ կողմ, որին լիովին հավատում եմ, ընտրելու է ընտրության օրվա տրամաբանությամբ՝ ով այդ պահին ավելի մոտ կլինի: Մեզ հետ հեռախոսազրույցում Հ. Վարդանյանն առաջարկում է. «Նայեք ֆեյսբուքյան իմ վերջին գրառումը, որտեղ տրված են ձեր բոլոր հարցերի պարասխանները»:

«Քանի դեռ մեր երկրում չի հզորացել ազատ ու անկախ ապրելու գաղափարը, ոչինչ չի ստացվելու: Քանի դեռ մենք չենք ուզում ազատագրվել Իմպերիայի ճիրաններից, մենք ապրելու ենք այս կիսագողական բոլշևիկյան չափանիշներով, որտեղ ոհմակն է որոշում ամեն հարց, այլ ոչ օրենքը:

Մի շատ կարևոր բան պետք է հասկանանք՝ այս բոլոր դեկորատիվ լոզունգները գրվում ու առաջնորդվում են կարմիր Կրեմլի կողմից, որովհետև մեր երկրում դեռ գործում են Կրեմլի պատերի ներքո աշխատող ինստիտուտները, իսկ նրանց խնդիրն է՝ անել ամեն բան, որ Հայաստանը միշտ կախման մեջ լինի իրենցից:

Կարդացեք նաև

Հիշե՛ք, արժանապատվությունը կորցրած մարդը հեշտ է կառավարվում:
Եթե որևէ հայ մարդ մտածում է, որ մեր երկիրը ֆորպոստ է, այլ ոչ հայրենիք, ոչ անկախ պետություն, հանգիստ խղճով կարող եք թքել նրա երեսին՝ նա ի սկզբանե խոսում է օտարի օգտին:

Ձեր ձայնը տվեք նրանց, ովքեր կխոսեն իմպերիայից ազատագրվելու ճանապարհների մասին, որովհետև մնացած խոսակցությունները կեղծ են և սուտ:
Ափսոսում եմ, որ մեր օրերում այդ ճանապարհներից խոսողներն ու մտածողները կա՛մ լռում են, կա՛մ քիչ են:

Միայն Հայաստանի և Սփյուռքի միասնական հավատը և ուժերի միավորումը կարող են բերել ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ ունենալու, տարածաշրջանում զարգացած երկիր դառնալու գաղափարին:

Ո՛չ մի ռուսական զենք չունի այդ ուժը, ո՛չ մի գերտերություն մեր փոխարեն չի անելու այն, ինչի մասին երազում ենք ինքներս: Ուրիշն անում է այն, ինչ մենք այսօր ունենք, իսկ մենք այսօր օգտագործված և օգտագործվող ֆորպոստ ենք ընդամենը: Օգտագործվող ֆորպոստում մարդիկ արժանապատիվ ապրել չեն կարող: Ֆորպոստում բոլորը պետք է պահակի պաշտոն ունենան, անգամ սեփական ընտանիքում, որովհետև ձեր երեխան ծնվում է, սովորում, մեծանում ու զոհվում է ֆորպոստին ծառայելու համար»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս