Բաժիններ՝

ԱՄՆ-­ում ռուսաստանցի Մարկ Վարդանյանին համակարգչային խարդախության մեղադրանք է առաջադրվել

ՌԴ-­ի քաղաքացի Մարկ Վարդանյանին, որը 2016 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-­ին է արտահանձնվել Նորվեգիայի կողմից, առաջադրվել է համակարգչային խարդախության մեղադրանք: Այս մասին հայտնել է Ջորջիայի նահանգի Հյուսիսային օկրուգի դատախազությունը:

Միացյալ Նահանգների իշխանությունները ռուսաստանցուն մեղադրում են «Citadel վնասաբեր ծրագրի մշակման, կատարելագործման եւ վաճառքի մեջ, որը նախատեսված է համակարգչային համակարգերի ախտահարման եւ ֆինանսական հաշիվների հաշվառման գրանցումների ռեկվիզիտների հափշտակման համար»:

Դատախազությունը վկայակոչում է պրոֆիլային փորձագետների գնահատումները, որոնց համաձայն՝ Citadel­-ը «մոտավորապես 11 միլիոն համակարգիչներ է ախտահարել ամբողջ աշխարհում եւ պատասխանատվություն է կրում ավելի քան 500 միլիոն դոլարի չափով»:

Վարդանյանը, որն աշխատում էր նորվեգական ընկերության համար եւ բնակվում էր Ֆրեդրիքստադ քաղաքում, ԱՄՆ-­ի իշխանությունների պահանջով ձերբակալվել է 2014 թվականի հոկտեմբերին եւ այդ ժամանակվանից ի վեր գտնվում է նախնական կալանքի տակ:

ԱՄՆ-­ի հատուկ ծառայությունների վարկածով՝ ծրագրավորողը Համացանցում բեռնել է 48 ֆայլ, որոնք անհրաժեշտ են Citadel վիրուսի տեղակայման եւ դրա միջոցով ուրիշների համակարգիչների կառավարման համար: Վարդանյանն իր մեղքը ժխտել է եւ պնդել, որ երբեք այդ ֆայլերը չի զետեղել Համացանցում:

Օսլոյում եւ Վաշինգտոնում ՌԴ-­ի դիվանագիտական ներկայացուցչությունները Վարդանյանին աջակցություն են ցույց տալիս ԱՄՆ-­ում հավանական դատական քննության պատրաստման գործում, հետեւում են նրա բոլոր իրավունքների եւ շահերի պաշտպանությանը:

Ռուսաստանցի դիվանագետները նաեւ նշում են, որ Նորվեգիայի իշխանությունները բավականաչափ ուշադրություն չեն դարձրել նորվեգացի փորձագետների փաստարկներին, որոնք նշել են, որ Հետաքննությունների համերկրային բյուրոն ռուսաստանցու մեղքի ուղղակի ապացույցներ չի ներկայացրել, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս