Բաժիններ՝

ԱՄՆ-­ն Թուրքիային և Նիդերլանդներին հորդորել է խուսափել լարվածությունն ավելացնող հռետորաբանությունից

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հորդորել է Թուրքիային և Նիդերլանդներին խուսափել իրադրությունը լարող հռետորաբանությունից: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի  ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մարկ Թոները:

«Երկու երկրներն էլ ՆԱՏՕ-­ի անդամ են, և մենք կոչ ենք անում նրանց խուսափել լարվածությունն ավելացնող հռետորաբանությունից և փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ: Կողմերը պետք է աշխատեն միասին` իրադրությունը հարթելու նպատակով»,­-նշել է Թոները:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները խիստ լարվել են այն բանից հետո, երբ հոլանդական կողմն արգելեց թուրք քաղաքական գործիչներին և, մասնավորապես, արտգործնախարար Չավուշօղլուին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալ իր տարածքում:

Ավելի ուշ Նիդերլանդները թուրք նախարարների ինքնաթիռներին չթույլատրեց վայրէջք կատարել իր տարածքում: Ավելին, Նիդերլանդները Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարին «անցանկալի անձ» հայտարարեց ու արտաքսեց երկրից:

Պաշտոնական Անկարան բողոքի երկու նոտա է հղել հոլանդական կողմին: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն առկախելու որոշման մասին` պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս