
Մանրամասներ Ջրառատում տեղի ունեցած միջադեպից. ծեծկռտուքի ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են հնչել

Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Նախնական տվյալներով՝ ժամը 13։30-14-ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։ Միջադեպի հետևանքով՝ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Ըստ բժշկական նախնական հետազոտության արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդը՝ ձախ ձեռքի կոտրված։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով։ Ստեղծվել է քննչական խումբ, և այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար, քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա։