«Այս քարոզարշավն անցնում է բավականին կուլտուրական, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, կարելի է ասել` չեն պայքարում». Մեդիափորձագետ

«Նախընտրական քարոզարշավը բավականին հետաքրքիր ընթացք ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական հնչեցրեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ի տարբերություն նախորդ քարոզարշավի, այս քարոզարշավն անցնում է բավականին կուլտուրական:

Նա նկատեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ ֆեյքերի մեծ բանակ կար, մեծ թվով կայքեր, որոնք ապատեղեկատվություն էին տարածում: Ըստ նրա՝ հիմա այդ ամենը չափավոր է.

«Իհարկե, ինչքան դեպի քարոզարշավի ավարտը մոտենանք, այնքան դրա շանսերը մեծանում են: Իսկ հիմա շատ կոռեկտ է անցնում: Հիմնական պատճառն այն է, որ անցյալ անգամ հիմնական պայքարը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև էր, սակայն, չգիտես  ինչու, նրանք այս անգամ շատ կոռեկտ են պայքարում, կարելի է ասել` չեն պայքարում»:

Մեդիափորձագետի դիտարկմամբ՝ բոլոր քաղաքական ուժերն էլ հիմնականում օգտագործում են Ֆեյսբուք սոցիալական ցանցը` որպես քարոզչական հարթակ:  Նրա խոսքով՝ այս անգամ բոլոր քաղաքական ուժերը համացանցում օգտագործում են գրեթե նույն մեթոդները, այլ հարթակ չեն օգտագործում. «Մի քիչ էլ` Ինստագրամը, սակայն դա մեխանիկորեն է, քանի որ հայտնի է, որ Ֆեյսբուքի գովազդները գնում են նաև Ինստագրամ»:

Ս. Մարտիրոսյանը նաև նշեց, որ կարծում է՝ շատերին անգամ ստիպում են գրանցվել Ֆեյսբուքում. «Հավանական է, որ շատ կուսակցություններ պարտադրել են, որ իրենց թեկնածուները լինեն Ֆեյսբուքում»:

Մեդիափորձագետի գնահատմամբ՝ ՀՀԿ-ն քարոզարշավին ավելի վաղ է պատրաստվել, քան մնացած ուժերը: Նա նկատեց, որ ՀՀԿ-ն ուներ պատրաստի տեսահոլովակ, լուրջ ֆինանսական ռեսուրսներ. «Զգացվում է, որ մասնագետներ են ներգրավված գործում: Իսկ մնացածի առումով` երևում է, որ հապճեպ են գործել ու փորձում են ոտքի վրա ձևավորել իրենց մոտեցումները: Նկատելի է, որ «Ելքն» էլ է նախապես աշխատել»:

Անդրադառնալով այս կամ այն հայտնի անձի` քարոզարշավում ներգրավվածությանը, ինչպես նաև՝ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից Միհրան Պողոսյանին շնորհակալություն հայտնած` զոհված զինվորի մոր դեպքին՝ Ս. Մարտիրոսյանն ասաց, որ ՀՀԿ-ի դեպքում ինչ էլ արվեր, հասարակությունը վատ էր ընկալելու, իսկ մյուսների դեպքում որևէ արտասովոր բան չկա, ու շատ հայտնի երկրներում կիրառվում են այդ տեխնոլոգիաները:

Տեսանյութեր

Լրահոս