Ծնողի և ավագ երեխայի միջև ճիշտ փոխհարաբերությունների ձևավորում. Հոգեբանի դիտարկում

Առաջնեկի մանկությունն ավարտվում է այն ժամանակ, երբ լույս աշխարհ է գալիս երկրորդ երեխան: Այդ պատճառով ծնողները, որոնք պատրաստվում են երկրորդ երեխայի պլանավորմանը, պետք է հիշեն, որ առաջնեկի համար այդ իրավիճակն ավելի շատ դրամատիկ է, քան ուրախալի, քանի որ ավագի դերը նման իրավիճակում կտրուկ փոխվում է, իսկ պահանջներն ու պարտականությունները՝ ավելանում: Կրտսերը, ընդհակառակը, զերծ է նման դրամատիկ կարգավիճակից, նա գտնվում է ուշադրության կենտրոնում, նրանով հիանում են, շատ իրավիճակներում ներողամիտ են, քան առաջնեկի դեպքում:

Հիմնական խնդիրները, որ առաջանում են երեխաների փոխհարաբերություններում, խանդն է ավագ-կրտսեր կամ կրտսեր-ավագ կարգավիճակում, վեճերը՝ տարբեր իրերի պատկանելության հաստատման շուրջ, սեռադերային կոնֆլիկտները: Առհասարակ, ինչպիսի խնդիր էլ որ առաջ գա, այդ ամենն արվում է ծնողների կողմից ուշադրություն կորզելու, հուզական աջակցություն ստանալու և հակառակորդ համարվող քրոջ կամ եղբոր հանդեպ գերակայություն հաստատելու համար:

Սակայն նման խնդիրներ կարող են հազվադեպ ծագել, եթե ծնողները պարբերաբար չկատարեն դաստիարակչական և վարքաշտկման որոշ սխալներ:

Որպես կանոն, երկրորդ երեխայի ներկայությունն առաջնեկի կողմից կարող է ընկալվել շատ դրական և սիրառատ, եթե ծնողը բաշխի իր ուշադրությունն ու սերը ոչ թե հավասար, այլ  ճիշտ: Առաջնեկը կրկնակի սթրես է տանում, մեծանում են պահանջները նրա հանդեպ, նա հիմա մեծ է, պետք է ուշադիր լինի: Արվում են այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսիք են՝ «Դու մեծ ես, պետք է զիջես: Տուր նրան քո խաղալիքը, մի եղիր այդքան եսասեր»:

Յուրաքանչյուր գիտակից և բանիմաց ծնող, նման իրավիճակներից խուսափելու և շտկելու համար սեփական վարքն ու մոտեցումը տարբեր տարիքի երեխաների հետ, պետք է ինքն իրեն տա հետևյալ հարցերը.

  • Իր աղջկա կամ տղայի կյանքում ի՞նչն է ամենակարևորը,
  • Ամենաշատն ինչի՞ կարիք ունի նրանցից յուրաքանչյուրը:

Հոգեբաններն այս հարցին կպատասխանեն, որ ամենակարևոր բանը դա ծնողական սերն է, հուզական ջերմությունն ու ապահովությունը:  Սակայն ծնողների մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս արտահայտել այդ սերը այնպես, որ երեխան զգա դա, սակայն չչարաշահի և չդառնա ինքնասիրահարված եսասեր:

Հոգեբանները խորհուրդ են տալիս արտահայտել սերը հետևյալ կերպ.

  • Որքան հնարավոր է՝ ջերմ խոսքեր ասեք երեխային. որ իր հետ լավ եք զգում, ուրախ եք իրեն տեսնել, լավ է, որ նա եկավ, որ ձեզ դուր է գալիս, թե ինչպես է նա…, ինչ լավ է, որ նա կա:
  • Անպայման գրկեք նրան, դիպչեք: Մարմնական կոնտակտը հանգստություն, ապահովություն և հուզականություն է հաղորդում երեխային, ինչը չես փոխարինի խոսքերով:

 Հոգեբանները նաև կարևորում են հետևյալ քայլերն ու մոտեցումները.

  • Երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն պես առաջնեկին ավելի շատ ժամանակ և ուշադրություն հատկացրեք:
  • Երեխաների հետ շփումը կազմակերպեք անհատական: Շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ առանձին երեխաներից մեկի հետ գնացեք զբոսնելու, խոսեք միայն իր մասին, իր զգացողությունների, դպրոցի կամ մանկապարտեզի մասին, ինչ ուրախ պահեր է ապրել, ինչ տխուր զգացողություններ է ունեցել:  Ինչ է ցանկանում առհասարակ, ինչի կարիք ունի, նստեք այգում, գրկեք ձեր երեխային: Միգուցե դա տևի կես ժամ, սակայն, հավատացեք, այն երեխային կպարգևի երանության, սեփական անձի կարևորման և ինքնագնահատականի կայուն ձևավորման մեծ հիմք: Նա արդեն տուն կվերադառնա հասուն և պատրաստ կլինի օգնել իր կրտսեր եղբորը կամ քրոջն ամեն հարցում:
  • Հիշեք, որ առաջնեկն անվճար դայակ չէ փոքրիկի համար, և ոչ երբեք՝ տնային տնտեսուհի: Որպեսզի երեխան սովորի որոշակի կենցաղային գործերում օգնել և հոգ տանել կրտսերին, ապա դա պետք է անել աստիճանաբար, խաղի միջոցով, որպեսզի դա հաճույք պատճառի և հետաքրքրություն հաղորդի: Երկու երեխաներն էլ կշահեն նման գրագետ մոտեցումից, քանի որ փոքրիկի մոտ կձևավորվի պաշտպանվածության և վստահության զգացողություն, իսկ ավագը կզգա հպարտություն: Ավագ երեխան կզգա, որ կա իր կարիքը, ինչն իրեն կտա հավատ սեփական ուժերի նկատմամբ, իսկ ծնողների վստահությունը կխթանի պատասխանատվության ձևավորմանը:
  • Ավագ երեխային թույլ չտաք ժամանակից շուտ հոգեբանորեն մեծանալ: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի անցնել մանկությանը հատուկ բոլոր փուլերը՝ խաղային և անհոգ մտքերի ուղեկցությամբ: Մի ծանրաբեռնեք առաջնեկին ավելորդ պատասխանատվությամբ և պահանջներով, որը դուք ինքներդ չեք հասցնում անել:
  • Ամենակարևորը, յուրաքանչյուր գործողություն իրականացրեք երկու երեխաների համագործակցության սկզբունքով: Դարձրեք նրանց մի ամբողջություն՝ կարևորելով յուրաքանչյուրի անհատականությունը:

Տեսանյութեր

Լրահոս