Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները վերականգնվել են. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոս, լուսաձայնային նռնակ նետող, ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները ծառայողական քննությունից հետո վերականգնվել են:
«ՀԺ»-ի տեղեկությունը երեկ հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հավելելով, որ այդ բախումներից հետո Երանոսյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակ ուներ: Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբայրը աշխատում է որպես ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, կոչումով՝ գնդապետ:
Այդ դեպքերից հետո ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրա լիազորությունները դադարեցվեցին: «ՀԺ»-ն Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո պարզել էր, որ Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել է ազատազրկման՝ բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու եւ այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար: Այս կիրակի Երանոսյանները կրկին աչքի են ընկել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: