Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցում քարոզարշավին. Պարզաբանում է Տարոն Մարգարյանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գտնում է` ՀՀԿ-ի շանսերն ընտրություններում «բավարար» են: Այսօր Ավանի վարչական շրջանի մշակույթի տան մոտ լրագրողների հետ զրույցում Տ. Մարգարյանը խոսելով Ավանում մարդկանց ցուցակագրումների լուրերի մասին՝ նշեց, որ բոլոր ընտրություններից առաջ էլ նման խոսակցություններ եղել են, ու դա միայն Ավան վարչական շրջանին չի վերաբերում, սակայն, նրա խոսքով, այդ դեպքերի վերաբերյալ փաստեր չկան:

Հարցին, թե՝ դուք բացառո՞ւմ եք, որ ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք կբաժանվի, Տ. Մարգարյանը պատասխանեց, որ իրենք բացառում և դատապարտում են այդ երևույթը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է քաղաքապետը վերաբերվում իր թիմակիցների, մասնավորապես՝ Միհրան Պողոսյանի կողմից ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներին քարոզչության մեջ ներգրավելուն: Ի պատասխան՝ Տ. Մարգարյանն ասաց. «Եթե մարդիկ ցանկություն չունենային գալու քարոզչությանը մասնակցելու, ոչ ոք զոռով չէր կարող բերել: Ոչ մեկին ստիպողաբար չեն բերում և շնորհակալություն չեն հայտնում»:

Ի պատասխան հարցի, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ իր և Միհրան Պողոսյանի հարաբերությունները լարված են, Տարոն Մարգարյանը հերքեց՝ ասելով. «Միհրան Պողոսյանը, ինչպես նաև՝ Ռոբերտ Սարգսյանը, իմ թեկնածուներից են, որոնց աջակցելու ենք»:

Դիտարկմանը, թե՝ կարծիք կա, որ Դուք աջակցում եք Ձեր բարեկամ Ռոբերտ Սարգսյանին՝ Տ. Մարգարյանը պատասխանեց, որ Ռոբերտ Սարգսյանն աջակցության կարիք չունի. «Ավանցիներն աջակցում են Ռոբերտ Սարգսյանին»:

Այն դիտարկմանն էլ, թե՝ ասում են՝ Միհրան Պողոսյանը գնել է ձեր այստեղի հանձնաժողովի անդամներին, Տ. Մարգարյանն այսպես արձագանքեց. «Հո ապրանք չե՞ն, որ գնեն: Դա ես ուղիղ վիրավորանք եմ ընդունում: Նման բան չկա, չի կարող լինել, քաղաքացուն չեն կարող գնել, քաղաքացին անգին է, իսկ մեր թիմակիցներն անգին ու անգին են»:

Հարցին, թե՝ «Ծառուկյան» դաշինքը Ձեզ համար ուժե՞ղ մրցակից է, Տ. Մարգարյանն այսպես պատասխանեց. «Մենք ոչ մի դաշինքի, ոչ մի կուսակցության չենք թերագնահատում, մեզ համար բոլորն էլ մրցակից են»:

Անդրադառնալով նրան, թե ինչպե՞ս ինքը հայտնվեց ՀՀԿ-ի ցուցակի 2-րդ համարում՝ քաղաքապետն ասաց, որ կարծում է՝ նշանակություն է ունեցել իր անցած ճանապարհը: Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ և՛ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, և՛ Տարոն Մարգարյանը, և՛ 3-րդ համարն իրականում որևէ բան չեն որոշում, որոշողը Սերժ Սարգսյանն է, ու սա ֆեյք ցուցակի մի ցանկ է, Տ. Մարգարյանն այսպես արձագանքեց. «Չմոռանանք, պարոն Սերժ Սարգսյանը նաև ՀՀԿ նախագահն է, և մենք բոլորս կուսակցական լինելով՝ պարտավոր ենք կարգապահությունը պահպանել»:

Ըստ Տ. Մարգարյանի՝ իրենց ցուցակը շատ լավ ցուցակ է, այնտեղ հիմնականում այն մարդիկ են, որոնք կարող են իրենց ծրագրերն իրականացնել:

Հարցին, թե՝ Դուք ունե՞ք ցանկություն շարունակելու Ձեր այս աշխատանքը՝ հաշվի առնելով, որ Ձեր լիազորությունները շուտով ավարտվելու են, նա պատասխանեց.  «Քաղաքապետարանում և քաղաքային տնտեսությունում շատ աշխատանք կա կատարելու, ոչ մեկ տարում, ոչ չորս տարում, ոչ հինգ տարում հնարավոր չէ այդ աշխատանքներն ավարտին հասցնել: Բնական է, որ մենք դեռ կիսատ աշխատանքներ ունենք: Մեր թիմը փորձառու թիմ է, և այն դարդ ու ցավը, այն խնդիրները, որ այսօր ունի Երևան քաղաքը և երևանցին, մենք պատկերացնում ենք, ու դրանց լուծումը՝ նույնպես»: Հարցին, թե՝ Դուք Ձեզ պատկերացնո՞ւմ եք օրենսդիր մարմնում, Տ. Մարգարյանը կրկնեց, որ կիսատ գործեր կան Երևան քաղաքում:

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցում քարոզարշավին, արդյոք նրա՞ համար, որ վստահություն չունի հանրության մոտ, Տ. Մարգարյանն այսպես արձագանքեց. «ՀՀԿ-ի թեկնածուն վարչապետն է, ու այսօր մենք պաշտպանում ենք ՀՀ վարչապետին՝ որպես կառավարության ղեկավար, այն բարեփոխումները, փոփոխությունները, որ իրականացնում ենք, վարչապետն է իրականացնում, ու դրա համար էլ նա է ներկայացնում հանրությանը»:

Տարոն Մարգարյանը նաև համոզմունք հայտնեց, որ, եթե լավ աշխատեն, կկարողանան մեծամասնություն կազմել առաջիկա խորհրդարանում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս