«Մենք չենք խոստանում, որ ապրիլի 3-ին ամեն ինչ լավ է լինելու». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ավան վարչական շրջանում կազմակերպված նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ նախընտրական ծրագիրը հավակնոտ է, իրատեսական, բայց ոչ գայթակղիչ:
«Մենք չենք խոստանում, որ ապրիլի 3-ին ամեն ինչ լավ է լինելու, զարթնելու ենք, ու արև է լինելու, մեր սառնարանները լցված են լինելու, կաշառակերները վերանալու են, և այլն: Մենք ուղղակի խոստանում ենք, որ քրտնաջան աշխատելու ենք, ընդ որում՝ ինչքան շատ աշխատող լինի, այնքան շուտ ենք արդյունքի հասնելու»,- հայտարարեց նա:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն այլ քաղաքական ուժերից տարբերվում է նրանով, որ համարձակ ասում է՝ մենք սխալվել ենք. «Գուցե մեկ ուրիշն էլ է ասել, ես չեմ լսել: Գոնե մեր փորձը՝ այդ օբյեկտիվ սխալների մեջ ընկնելու, ավելի մեծ է, որ հերթական անգամ այդ թակարդը չընկնենք: Առանձին քննարկումների ժամանակ ՀՀԿ-ի ներքին քննադատությունը կարող է շատ ավելի սուր լինել, քան արտաքինը: Մենք ասել ենք, որ փոխվելու ենք ու փոխելու ենք, և ընդ որում՝ քայլեր ենք արել, որոնք հուշում են, որ գնում ենք այդ ուղղությամբ: Մենք ունենք ծրագիր, որը վերաբերում է բոլոր ոլորտներին, մենք մեր ձևակերպումն ենք տվել Արցախի հարցի նկատմամբ: Ո՞վ է ասել, որ կուսակցության ծրագրի մեջ թիվ պետք է լինի, դա միջին վիճակագրական հաշվետվությո՞ւն է: Ով ասում է՝ իրենց մոտ թիվ չկա, ես էլ ասում եմ՝ մեզ մոտ ամենաշատն է թիվը»:
Ամփոփելով՝ վարչապետը կոչ արեց ընտրողներին՝ ՀՀԿ-ին տալ հնարավորություն՝ իրագործելու այն, ինչ հայտարարում են: