«Պատերազմը հաղթեց, է՜, Լևոնը, դրա համար իրան ենք ընտրելու». ՀԱԿ-ը քարոզեց Արաբկիրում
Այսօր Կոնգրես-ՀԺԿ դաշինքը քարոզարշավ իրականացրեց Երևանի Արաբկիր համայնքում։ Թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) դաշինքից առաջադրված 10 թեկնածուներից 8-ը՝ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի գլխավորությամբ շրջեցին Արաբկիրի կենտրոնական փողոցներով, զրուցեցին քաղաքացիների հետ և բաժանեցին դաշինքի ծրագիրը։
«Ժողովուրդը վախեցած է և մի վատ ավանդույթ է ձևավորվել՝ որտեղ լրագրողներ կան, այնտեղ քիչ են գալիս հանդիպման։ Մարդկանց վախեցրել են, որ այդ կադրերով կտեսնեն, թե ովքեր են գալիս, սպառնալիքներ են ներկայացնում՝ աշխատանքից կազատեն, տղան բանակում է, կինն ուսուցչուհի է, վարկ ունեն և այլն, և շրջաններում իսկապես զգուշություն կա հանդիպումներին մասնակցելու համար»,- լրագրողներին ասաց Ա.Մանուկյանը՝ հավելելով, որ երեկ Ջրաշենում իրենց վերջին հանդիպմանը լրագրողներ չկային և ավելի շատ մարդ կար, քան Արտաշատում։
Ըստ նրա՝ ամեն դեպքում խաղաղության ծրագիրը դանդաղ սկսում է տարածվել, թեև բոլորը զգուշավոր են արտահայտվում գաղափարի շուրջ։
Կոմիտասի պողոտայով քայլելիս քաղաքացիներից ոմանք ողջունում էին դաշինքի ներկայացուցիչներին, ոմանք առանց զգացմունքների վերցնում ծրագիրն ու շարունակում իրենց ճանապարհը։ Ուշագրավ էր Կոմիտասի շուկայում մարդկանց արձագանքը։ Մսավաճառ կետի մոտ մի տղամարդ ողջունեց նրանց՝ ասելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է պատերազմը. «Պատերազմը հաղթեց, է՜, Լևոնը, դրա համար իրան ենք ընտրելու»։
Մանրամասները՝ տեսանյութում