ԵՄ-ն կոչ է արել Թուրքիան զերծ մնալ իրադրությունը լարող հայտարարություններից
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ու Հարևանության և ընլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների, ինչպես նաև ԵՄ անդամ մի շարք երկրների հետ լարված հարաբերությունների առնչությամբ:
Մոգերինին և Հանը նշել են, որ Թուրքիան ունի սուվերեն իրավունք` որոշելու իր կառավարման համակարգը: Այդուհանդերձ, հիմնվելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացության վրա` նրանք մատնանշել են այն մտահոգությունները, որոնք կապված են սահմանադրական փոփոխությունների հետ, որոնցից է, օրինակ, դատական համակարգի անկախությունը:
ԵՄ ներկայացուցիչների համար անհանգստացնող հանգամանք է եղել նաև այն, որ սահմանադրական հանրաքվեն անց է կացվում արտակարգ դրության պայմաններում:
Անդրադառնալով ԵՄ անդամ մի շարք երկրների հետ ունեցած լարված հարաբերություններին` Մոգերինին և Հանն անհրաժեշտ են համարել թուլացնել լարվածությունը և գտնել ուղիներ իրադրությունը հանդարտեցնելու համար:
«Եվրամիությունը կոչ է անում Թուրքիան զերծ մնալ ավելորդ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են ավելի լարել իրադրությունը»,-ասվում է համատեղ
հայտարարության մեջ: