«Մեր վարչապետն ունի 3.2 միլիարդ դոլարի 5-ամյա ծրագիր». Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել Ալավերդիի և Սանահինի բնակիչների հետ:
Սանահինում ընտրողների հետ հանդիպման ընթացքում Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը` ընդգծելով, որ այս պահին բոլորի համար ամենակարևորը հայկական բանակն է և հայ ժողովրդի անվտանգությունը: «Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ համախմբված ազգ ենք և ունենք հզոր բանակ»,- ասել է Շարմազանովը:
Նա ընդգծել է, որ Հանրապետական կուսակցությունը, որը եղել է սապարապաետ Վազգեն Սարգսյանի կուսակցությունը, մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին: ՀՀ ԱԺ փոխնախագահը ընտրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է նաև երկրում առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մասին: «Մեր վարչապետն ունի 3.2 միլիարդ դոլարի 5-ամյա ծրագիր: Դա առարկայական ծրագիր է, թե որտեղ ինչ պետք է անենք: 840 միլիոն դոլարն արդեն Հայաստանում կա, և մենք պատրաստ ենք դա ներդնել»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` ընդգծելով, որ Հայաստանի առաջնահերթություններից է Արցախի բնակչության արժանապատիվ կյանքն ապահովելը: «Մենք երբեք չենք կատարելու հետքայլ, որը դեմ կլինի Հայաստանի և Արցախի ժողովրդի շահին»,- ընդգծել է նա:
Այնուհետև Շարմազանովը հանդիպում է ունեցել իր ծննդավայրի` Ալավերդի քաղաքի բնակիչների հետ: ԱԺ փոխնախագահին Ալավերդի քաղաքում դիմավորել են մեծ շուքով: Իր ծննդավայրում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ իրենք որևէ քաղաքական ուժի իրենց հակառակորդ չեն համարում: «Մենք մեր հայրենիքում հակառակորդներ չունենք: Մեր հայրենակիցները մեր եղբայրներն ու քույրերն են»,- ասել է նա` հավելելով, որ Հանրապետական կուսակցությունը գործում է ի շահ հայրենիքի և հայ ժողովրդի: