Բաժիններ՝

Դինքի ընկերները կրկին հավաքվել են արդարադատության պալատի առջև

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մարտի 13­-ին տեղի է ունենում հերթական դատական նիստը:

Դատական նիստից առաջ Դինքի ընկերները կրկին հավաքվել են Ստամբուլի արդարադատության պալատի առջև:  Նրանց շարքում է նաև մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Դինքի ընկերների անունից հայտարարությամբ է հանդես եկել Բյուլենթ Այդընը, ով ընդգծել է, որ սպանությունից տասը տարի անց էլ դեռևս հեռու են կատարվածի իրական պատասխանատուներին հայտնաբերելուց:

«Դատական գործում եղան պահեր, երբ մոտեցանք ճշմարտությանը, սակայն դատը դեռևս շարունակվում է պասիվ շրջանակների շուրջ»,­-նշել է նա` ընդգծելով, որ առաջիկա դատական նիստերի ժամանակ խոսելու են գործի վկաները:

«Ինչպես և պահանջում են Դինքի ընտանիքի փաստաբանները, մենք ակնկալում ենք, որ դատվեն նրանք, ովքեր իրենց ազդեցությունն են ունեցել հանցագործության կատարման գործում, սակայն դեռևս չեն դատապարտվել: Պահանջում ենք դա Հրանտի համար, արդարության համար»,­-ասել է Այդընը` նշելով, որ իրենք շարունակելու են արդարություն պահանջել, քանի դեռ իրական մեղավորները չեն պատժվել:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19­-ին`խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

2012 թվականի հունվարի 17-­ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5­րդ դատարանը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ են ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս