
Թուրք ցուցարարները սխալմամբ այրել են Ֆրանսիայի դրոշը

Թուրքիայի և Նիդերլանդների միջև լարված հարաբերությունների համատեքստում թուրքական Սամսուն քաղաքի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է կազմակերպվել` ընդդեմ Նիդերլանդների: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber-ը:
Բողոքի ակցիային մասնակցել է տասը հոգանոց խումբ: Խմբի անդամները ցանկացել են այրել Նիդերլանդների դրոշը` ի նշան թուրք նախարարների դեմ կիրառված պատժամիջոցների դեմ բողոքի: Սակայն ցուցարարները խառնել են Նիդերլանդների դրոշի գույների հաջորդականությունը` սխալմամբ այրելով Ֆրանսիայի դրոշը:
Նիդերլանդները մարտի 11-ին հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը:
Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»:
Այս որոշումից հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նախքան որոշման հրապարակումը` նույն օրը Չավուշօղլուն սպառնացել էր Նիդերլանդներին` ասելով, որ եթե իր թռիչքի թույլտվությունը չեղարկվի, իրենք կդիմեն պատժամիջոցների կիրառմանը: Նա երկրի կառավարության գործելաոճը «ֆաշիստական մոտեցում» էր որակել:
Արտգործնախարարն ընդգծել էր, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում թուրք գործիչների ելույթները Գերմանիայում և Նիդերլանդներում արգելելով՝ Եվրոպան «բռնում է «ոչ»ի կողմը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքինգործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվողսահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում:
Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց: