«Մենք մեր անվտանգությունն ապահովել ենք դեռ 1992թ.՝ Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագրով». Վաղարշակ Հարությունյան

Հայաստանն իր անվտանգությունն ապահովել է դեռևս 1992 թ., երբ Ռուսաստանի հետ ստորագրել է ռազմական փոխգործակցության պայմանագիր, ինչի արդյունքում Հայաստանում տեղակայվել է ռուսական 102-րդ ռազմաբազան: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` անդրադառնալով հարցին, թե տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհի տարբեր հատվածներում տիրող անկայունության համատեքստում որքանո՞վ է ապահովված Հայաստանի անվտանգությունը:

«Դրա շնորհիվ մենք կարողացանք Լեռնային  Ղարաբաղում հաղթանակ ապահովել: Մենք այդ քայլով թույլ չտվեցինք, որ Թուրքիան միջամտի: Եվ սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե Թուրքիան առաջվանը չէ, թե ժողովրդավարական երկիր է դարձել: Մենք տեսանք, թե ինչպես նրանք ներխուժեցին Իրաք, Սիրիայի տարածքում էլ իրենց համար 90-կիլոմետրանոց անվտանգության գոտի են ստեղծել: Մենք նույնպես կարող էինք Թուրքիայի կողմից ներխուժման վտանգի տակ լինել, եթե այն ժամանակ Ռուսաստանի միջոցով չապահովեինք մեր անվտանգությունը»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ժամանակը ցույց է տվել, որ Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել, երբ պայմանագիր է ստորագրել ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին:

«Մենք իսկապես այն ժամանակ մեր անվտանգության ապահովման առումով շատ ճիշտ քայլ արեցինք, իսկ վերջերս Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի  կողմից ստորագրված հայ-ռուսական զորախմբի համալրման մասին պայմանագիրը եկավ համալրելու բոլոր այն պայմանագրերը, որոնք ամրագրում են մեր երկրի անվտանգությունը»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով` ներկայում, երբ աշխարհում ստեղծված է անկայուն իրավիճակ, երբ մի շարք տարածքներում ընթանում են ռազմական գործողություններ, Հայաստանի համար անվտանգության հարցն առաջնային է: «Սիրիայի օրինակը ասածներիս վկայությունն է: 2014 թ., երբ Ռուսաստանը միջամտեց սիրիական հակամարտությանը և մտավ այնտեղ, այդ երկրի իշխանությունները վերահսկում էին Սիրիայի տարածքի միայն 20 տոկոսը, սակայն հիմա լրիվ հակառակ պատկերն է, և հույս կա, որ բանակցությունների արդյունքում խնդիրը կարող է կարգավորվել: Իսկ Սիրիան մեր տարածաշրջանին շատ մոտ է. Հայաստանից Սիրիա ընդամենը 800 կիլոմետր է: Եվ այս պարագայում հարց է առաջանում` արդյոք Հայաստանի անվտանգությունն ապահովվա՞ծ է: Ես կրկնում եմ, մենք մեր անվտանգությունն ապահովել ենք դեռ 1992 թ. Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագրով»,- եզրափակեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս