«Հայաստանը նաև Իրանի համար դեպի եվրոպական շուկա դուրս գալու կապող օղակ է». արաբագետ

Փոքր երկրները վերջին շրջանում սկսել են լուրջ դերակատարություն ունենալ մեծ քաղաքականության մեջ. այդ երկրներից մեկն էլ Հայաստանն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Արաբագետի խոսքով` եթե վերլուծում ենք տարածաշրջանային գործընթացները, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ինչ-որ չափով իր մասնակցությունն ունի դրանցում: «Ես չեմ խոսի արցախյան հակամարտության մասին, քանի որ մենք այստեղ ունենք մեր հստակ քաղաքականությունը: Բայց, օրինակ, Սիրիայի խնդրում Հայաստանն ունի իր սահմանափակ, բայց հաստատ դերակատարումը: Մենք այնտեղ ունենք համայնք, մենք բարեկամական հարաբերությունների մեջ ենք Սիրիայի հետ և դրանով իսկ մեր դերակատարումն առկա է: Մենք այստեղ ունենք շահեր, փորձում ենք չեզոք լինել, բայց մարդասիրական օգնություն ենք ուղարկում Սիրիա, փորձում ենք խնդիրների մասին բարձրաձայնել միջազգային ատյաններում»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Նա մատնանշում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը` որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, կապող օղակ է հարևան Իրանի և ԵԱՏՄ-ի անդամ  երկրների միջև, քանի որ միության երկրներից միակն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ: «Հայաստանը նաև Իրանի համար դեպի եվրոպական շուկա դուրս գալու կապող օղակ է: Այս ամենը ցույց է տալիս, որ տարածաշրջանային բոլոր կարևոր գործընթացներում մենք ունենք մեր հստակ դերակատարումը»,- ընդգծեց Պետրոսյանը:

Հարցին` միջազգային հարթակներում Հայաստանի կարևոր դերն ընկալո՞ւմ են, արաբագետը պատասխանեց. «Փոքր երկրները պետք է այս կամ այն գործընթացում  իրենց դերակատարման մասին բարձրաձայնեն, ընդգծեն և ներկայացնեն այն:  Որքանով նրանք դա կանեն, դրանից էլ կախված է, թե այդ ամենը որքանով կընկալվի մեծ պետությունների կողմից: Այս առումով մենք դեռ անելիք ունենք»,- հավելեց Պետրոսյանը:

Նրա խոսքով` Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի առաջին հատվածում հնչած ելույթները ցույց են տալիս, որ Հայաստանի դերը տարածաշրջանային զարգացումներում ընկալվում է, իսկ դրա հետագա զարգացման գործում Հայաստանը դեռ անելիքներ ունի:

Տեսանյութեր

Լրահոս