«Ընդհանուր Ազգային ժողովը պետք է վառվի». «Ելքը» կրկին Մալաթիա-Սեբաստիայում է
Այսօր «Ելք» դաշինքը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կրկին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացնում է նախընտրական քարոզարշավ:
«ՀՀԿ-ն գրեթե բոլոր տեղամասերում որպես ԱԺ պատգամավորի թեկնածուների է առաջադրել այնպիսի մարդկանց, որոնք լռության ուխտավորներ են, այդ մարդիկ ԱԺ-ում 5 տարի որևէ ծպտուն չեն հանել ու բացի կնոպկա սեղմելուց՝ ոչինչ չեն արել, այդ մարդկանց գործունեության արդյունքում Հայաստանում հաստատվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամ: Մենք եկել ենք ասելու, որ այդ իրավիճակից ելք կա, դուք կարող եք մերժել ՀՀԿ-ի լռության ուխտավորներին»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Անցորդ կանանցից մեկն իր դժգոհությունը հայտնեց՝ ասելով, որ մեկ անձի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի. «Ընդհանուր Ազգային ժողովը պետք է վառվի, որպեսզի լինեն փոփոխություններ»:
Ն. Փաշինյանն իր թիմով հասավ այն բակ, որտեղ 5 տարի առաջ միջադեպ էր տեղի ունեցել ընտրություններից առաջ. «5 տարի առաջ ԱԺ նախընտրական քարոզարշավի օրերին ձեր բակում տեղի ունեցավ նախընտրական շրջանի ամենաաղմկոտ դեպքերից մեկը, երբ բազմաթիվ կանայք եկել էին Սամվել Ալեքսանյանին ինձնից պաշտպանելու: Այդ պրոցեսների մեջ ակտիվ էր նաև թաղապետ Դավիթ Օհանյանը, որը եկել էր, այս բակերում ասում էր՝ մենք սիրում ենք մեր հայրենիքը, և այլն: 5 տարվա ընթացքում ձեր բակի վիճակն ավելի է վատացել, ցեխն ավելի շատ է, աղբն ավելի շատ է, հուսահատությունն ավելի շատ է: Սա ՀՀԿ-ի գործելակերպն է»: