Թուրքիան երբեք չի կարողանա մտնել Եվրամիություն. Ֆիյոն
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջը բանակցություններն անհեռանկար են, եւ եվրոպացիները վաղուց պետք է դա հստակ բացատրեն թուրքական կողմին՝ սկսելով համագործակցության նոր ձեւաչափերի որոնումները:
Այս մասին հայտարարել է «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը՝ ելույթ ունենալով Europe 1 ռադիոկայանի եթերում:
«Ֆրանսիայի կառավարությունը, եւ այս քննադատությունը կիրառելի է նաեւ Եվրոպայի մյուս կառավարությունների նկատմամբ, պետք է այսուհետեւ թուրքերին պարզորոշ հայտարարի, որ նրանք չեն կարող մտնել Եվրամիության կազմ: Անհրաժեշտ է նրանց հետ քննարկել հարաբերությունների այլ ձեւեր, սակայն այն, թե մենք ինչպես ենք թույլ տալիս զարգանալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման շուրջն այդ բանակցությունները, որոնք ձգձգվում են ահա արդեն 30 տարի, իմ կարծիքով՝ այն լարվածության պատճառներից եւս մեկն է, որն այժմ առկա է Թուրքիայի հետ հարաբերություններում»,-ասել է նա:
Ֆիյոնն այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով մարտի 12-ին Ֆրանսիայի Մեց քաղաքում կայացած հանրահավաքը՝ Թուքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլիի մասնակցությամբ: Հանդիպումը տեղի է ունեցել Մեցում եւ հավաքել է շուրջ հազար մարդ:
Այն փաստը, որ Ֆրանսիայի իշխանությունները թույլատրել են միջոցառումը երկրի տարածքում, քննադատության տարափ է հարուցել ֆրանսիական աջ ընդդիմության կողմից: Մասնավորապես, այն կարծիքն է հայտնվել, որ այս կերպ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը խախտել է եվրոպական համերաշխության սկզբունքը:
Ինչպես ընդգծել է Ֆիյոնը, Եվրամիությունն «իսկական խնդիր ունի Թուրքիայի հետ հարաբերություններում», այս իրադրությունը ԵՄ-ի կողմից Անկարային նկատմամբ «ավելի մեծ հաստատակամություն է պահանջում»:
«Այժմ ծառացած է Գերմանիայի եւ Նիդեռլանդների նկատմամբ Թուրքիայի կառավարության սադրանքի հարցը, ինչին պետք է հետեւեր Ֆրանսիայի կառավարության որոշումը՝ Թուրքիայի այդ նախարարին (Չավուշօղլիին) թույլ չտալ ժամանելու մեր տարածք»,-նշելէ քաղաքական գործիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: