«Արցախյան հակամարտության սրացումը ծայրահեղ վնասաբեր է Ռուսաստանի համար». Ֆյոդոր Լուկյանով
Ռուսաստանին բացարձակապես պետք չէ արցախյան հակամարտության սրացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի Զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:
Նրա խոսքով՝ արցախա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանի քայլերը կլինեն այնպիսին, ինչպիսին նախորդ տարվա ապրիլին էին:
«Ռուսաստանը միանշանակ կմիջամտի՝ փորձելով դադարեցնել գործողությունները, հրավիրել համանախագահների ուշադրությունը իրավիճակին: Որեւէ արտաքին շահագրգռվածություն չեմ տեսնում հակամարտության սրացման հարցում:
Ռուսաստանի համար դա միանշանակ ծայրահեղ վնասաբեր եւ անպետք մի բան է: Ինչ վերաբերում է այլ ուժերին, ապա ԱՄՆ-ն, օրինակ, զբաղված է իր գործերով, Թուրքիան՝ նույնպես, որի դիրքորոշումն արդեն իսկ պարզ է, դժվար թե ուղղակիորեն միջամտի, քանի որ ավելի կարեւոր գործեր ունի»,- նշեց նա: