Էրդողանը Նիդերլանդներն անվանել է «բանանային հանրապետություն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել Նիդերլանդների հասցեին` կապված իր երկրից երկու նախարարի ելույթներն արգելելու փաստի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանը հայտարարել է, որ Նիդերլանդները թանկ են վճարելու նման քայլերի համար: Անդրադառնալով եվրոպական երկրների պահվածքին` Թուրքիայի նախագահն ասել է.
«Եվրոպայից ձայն դուրս գալի՞ս է: Ոչ, իսկ պատճառն այն է, որ այդ երկրները նույնն են: Նիդերլանդները գործեց ոչ թե Եվրամիության անդամ իրավական երկրի, այլ «բանանային հանրապետության» նման: Նիդերլանդներն անպայման վճարելու է այս հանդգնության համար»:
Էրդողանը ԵՄ կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Նիդերլանդների դեմ:
Նիդերլանդները մարտի 11-ին հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը: Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»: Այս որոշումից հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների
գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Նախքան որոշման հրապարակումը` նույն օրը Չավուշօղլուն սպառնացել էր Նիդերլանդներին` ասելով, որ եթե իր թռիչքի թույլտվությունը չեղարկվի, իրենք կդիմեն պատժամիջոցների կիրառմանը: Նա երկրի կառավարության գործելաոճը «ֆաշիստական մոտեցում» էր որակել:
Արտգործնախարարն ընդգծել էր, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում թուրք գործիչների ելույթները Գերմանիայում և Նիդերլանդներում արգելելով՝ Եվրոպան «բռնում է «ոչ»ի կողմը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում:
Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց: