Հայաստանում «կարիերան սկսում են» վեց ամսականից. The New York Times-ն անդրադարձել է «ատամհատիկ»-ին
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Հայաստանում լայն տարածքում ունեցող արարողություններից մեկին` «ատամհատիկին»: Հոդվածագիրը նշում է, որ «Հայաստանում երեխաներն իրենց կարիերայի մասին սկսում են մտածել շատ փոքր տարիքից` մոտ վեց ամսականից»:
«Երբ երեխայի առաջին ատամը դուրս է գալիս` մոտավորապես չորսից յոթ ամսականում, տեղի է ունենում մի տոնակատարություն, որը հայտնի է որպես «ակրահատիկ» կամ «ատամհատիկ»:
Որպես արարողակարգի մաս` երեխայի դիմաց են դնում տարբեր մասնագիտություններ ներկայացնող առարկաներ` միկրոֆոն հաղորդավարի համար, ստետոսկոպ բժշկի համար, մկրատ դերձակի համար կամ գումար բանկիրի համար:
Որ առարկան երեխան ընտրի առաջինը, ենթադրվում է, որ երեխան կզբաղվի այդ մասնագիտությամբ», գրում է The New York Times-ը:
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դասախոս Յուլիա Անտոնյանը պատմել է, որ չկան պարտադիր առարկաներ և շատ հաճախ ծնողներն ընտրում են այնպիսի առարկաներ, որոնք «պրեստիժային» մասնագիտություններ են խորհրդանշում: «Արարողությունը սկսվում է երեխայի գլխին և նրա շուրջը տարատեսակ ընդեղեն լցնելով:
Սովորաբար, բայց ոչ միշտ երեխայի գլուխը ծածկում են կտորով, ձեռքերով և անգամ
հովանոցով: Այդ արարողությունը ենթադրում է, որ երեխան պետք է ունենա առողջ ատամներ», գրում է լրատվամիջոցը:
The New York Timesը նշում է, որ մեր օրերում Հայաստանում և հայկական սփյուռքում ընդունված է ատամհատիկին պատրաստել ատամաձև թխվածքներ, քաղցրեղեն և փուչիկներ: Մինչդեռ նախկինում ատամհատիկին երեխայի առջև դրվել է միայն երկու իր:
Այն ժամանակ կանխագուշակություն է արվել ոչ թե երեխայի ապագա մասնագիտության, այլ հաջորդ երեխայի սեռի հետ կապված. դանակ վերցնելը նշանակել է, որ հաջորդը եղբայր է լինելու, իսկ սանրը կամ հայելին` քույր: