
Թուրք նախարարն «անցանկալի անձ» է հայտարարվել և արտաքսվել Նիդերլանդներից

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բետյուլ Սայան Քայան Նիդերլանդներում «անցանկալի անձ» է հայտարարվել և արտաքսվել երկրից: Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Նիդերլանդների իշխանությունները թույլ չէին տվել, որ նախարարի ինքնաթիռը վայրէջք կատարի, ինչից հետո Քայան Գերմանիայից ավտոմեքենայով մուտք էր գործել երկիր` սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում հանդիպելու այդտեղ բնակվող Թուրքիայի քաղաքացիներին:
Ոստիկանությունն արգելել էր թուրք նախարարին գնալ Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարան: «Անցանկալի անձ» հայտարարված նախարարը արտաքսվել էր Գերմանիա: Գերմանիայից Քայան մեկնել էր Ստամբուլ, որտեղ Աթաթուրքի օդանավակայանում հանդիպել էր լրագրողներին և պատմել իր հետ
կատարվածը:
Նիդերլանդներում «անցանկալի անձ» հայտարարվելուց հետո Շենգենյան համաձայնագրով թուրք նախարարին այսուհետև արգելվելու է մուտք գործել Եվրամիության անդամ երկրների տարածք: Արտաքսված անձինք Նիդերլանդներ կամ Շենգենյան գոտու այլ երկիր չեն կարող մուտք գործել տասը տարի:
Կրկին Նիդերլանդներ մտնելու դեպքում Քայան վեց ամսով կարող է ձերբակալվել և կրկին արտաքսվել: Թուրք նախարարը իրավունք ունի բողոքարկել այս որոշումը: