Մակրոնը և Լը Պենը դեմ են Ֆրանսիայում թուրք քաղաքական գործիչների հանրահավաքների անցկացմանը
«Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ եւ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Լը Պենը հանդես է եկել երկրի տարածքում թուրք քաղաքական գործիչների ելույթների դեմ: Այս մասին նա գրել է Twitter միկրոբլոգների ցանցի իր էջում:
«Ինչո՞ւ պետք է մենք մեր երկրում հանդուրժենք այն, ինչից հրաժարվում են մյուս ժողովրդավարական երկրները: Ո՛չ թուրքական ընտրարշավին Ֆրանսիայում»,-հայտարարել է Լը Պենը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը ցանկություն է հայտնել, որ Եվրամիության անդամ երկրները միասնական դիրքորոշում ունենան իրենց տարածքում թուրք քաղաքական գործիչների ելույթների արգելման հարցում: Նա նաեւ գերադասել է, որ
Եվրամիությունը որոշի ամենուրեք արգելել նմանօրինակ ելույթները:
Մարտի 12-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի իշխանությունները թույլատրել են հանրահավաքի անցկացումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլիի մասնակցությամբ: Հանդիպումը տեղի է ունեցել Մեցում եւ հավաքել է շուրջ հազար մարդ: Այն փաստը, որ Ֆրանսիայի իշխանությունները թույլատրել են միջոցառումը երկրի տարածքում, քննադատության տարափ է հարուցել ֆրանսիական աջ
ընդդիմության կողմից:
Մասնավորապես, այն կարծիքն է հայտնվել, որ այս կերպ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը խախտել Է եվրոպական համերաշխության սկզբունքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: