
«Բոլորդ ձեր կաշվի վրա շատ լավ զգում եք, թե այս իշխանություններն այսօր ինչ անվտանգություն են ապահովում»

«Շատ վատ է, որ մենք բոլորս վախենում ենք. վախենում ենք իշխանություններից, վախենում ենք, որ մեզ կֆիքսեն, կտեսնեն, բայց մի՛ վախեցեք։ Կողբը և ընդհանրապես Տավուշը սահման է։ Մենք թշնամուց չենք վախենում, թշնամուն դեմ դիմաց կանգնում ենք։ Յուրաքանչյուր կողբեցի և տավուշեցի, իր տանը նստած, գիտի, թե որ զինատեսակից են կրակում։ Եվ այսօր մենք վախենում ենք հավաքվել այստեղ, լսել մի ուժի, որն իրականում ձեզ ազատություն է բերելու, վերականգնելու է ինքնիշխանությունը, քաղաքացու անկախությունը։
Այո՛, մենք խոստանում ենք, որ ստեղծելու ենք մի պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն իրացված են լինելու, որտեղ քաղաքացին իր կամարտահայտության, ազատ հավաքներ անցկացնելու համար չի ամաչելու և չի վախենալու»,- երեկ Տավուշի մարզի Կողբ համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցանկով Ազգային ժողովի ընտրություններին առաջադրված Անժելա Խաչատրյանը։
Նա վստահություն հայտնեց, որ թեկուզ չուզենալով՝ մարդիկ ապրլի 2-ին կգնան քվերակության և իրենց ձայնը կտան լավագույն ուժին, որն իսկապես ազատություն է խոստանում, տնտեսական աճ, անվտանգություն. «Այսօր անվտանգությունն անընդհատ շահարկում են, բայց բոլորդ ձեր կաշվի վրա շատ լավ զգում եք, թե այս իշխանություններն այսօր ինչ անվտանգություն են ապահովում։ Ապրիլի 2-ին եկեք ընտրության, վերցրեք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության քվեաթերթիկը և այնտեղ կտեսնեք արժանի թեկնածուների, արժանի ուժի, որն իրականում կարող է ազատություն բերել այս երկրին»։