«Երբ հեռուստատեսությամբ կամ ցանկացած միջազգային բանակցությունների ժամանակ տեսնում ենք խոնարհվող իշխանավորներին, դա մեր բոլորիս ինքնասիրության հարցն է». Խաչատուր Քոքոբելյան
«Մեր հայրենիքն, այո՛, սկսվում է սահմանից՝ բառիս բուն իմաստով։ Մի քանի կիլոմետրի վրա, նույնիսկ մի քանի հարյուրավոր մետրերից դիրքերն են»,- երեկ Տավուշի մարզի Կողբ համայնքում նախընտրական հանդիպման ընթացքում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
«Ես հասկանում եմ, որ Կողբում մի փոքր դժվար է։ Մեզ էլ հարազատ թեկնածուներ ունենք այս գյուղից, որոնք մեր քաղաքական ուժի կողմից չեն առաջադրված, բայց ես չեմ պատկերացնում, թե ինչ վիճակի ենք հասել, որ ժողովուրդն այսքան վախվորած է։ Ես շատ լավ հասկանում եմ իմ հայրենակիցներին (չէի կարող սա չասել), բայց պետք է հասնենք նրան, որ ճնշված, ընկճված ո՛չ տավուշեցի ունենանք, ո՛չ գավառցի, ո՛չ երևանցի, ո՛չ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի։ Մեր խնդիրն է Հայաստանն ազատել այս կապանքներից, անկաշկանդ Հայաստան է պետք։ Միայն ազատ մարդը կարող է հաղթել։ Ես դրանում կասկած անգամ չունեմ»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը։
Նա ասաց, որ ցականում է՝ մարդիկ չընկճվեն, վստահ լինեն, որ միայն փողի գործոնը չէ, որ աշխատելու է։ Ըստ նրա՝ կաշկանդված մարդը չի կարող կերտել Հայաստանի ապագան. «Մեզ պետք է, և մենք կարող ենք կերտել անկախ, անկաշկանդ և հպարտ Հայաստան, ՀՀ հպարտ քաղաքացուն։ Հավատացած եղեք, սա ինքնասիրության պայքար է։
Երբ հեռուստատեսությամբ կամ ցանկացած միջազգային բանակցությունների ժամանակ տեսնում ենք խոնարհվող իշխանավորներին, դա մեր բոլորիս ինքնասիրության հարցն է, և մենք բոլորս պարզապես պարտավոր ենք միասնական ջարդել այս սառույցը, միասնական հասնել այն Հայաստանին, որ մեզնից յուրաքանչյուրն է երազում»։
Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ պարտավոր են և Հայաստանը կդարձնեն խիստ ցանկալի և ոչ թե երկիր, որտեղ պարտադրված են ապրում։