«Քաղաքացին ինքը պետք է ընտրի այն բուժհաստատությունը, որտեղ բուժվելու է». Կարեն Կարապետյան
ՀՀ կառավարությունը առողջապահության ոլորտում նախատեսում է մեծածավալ բարեփոխումներ՝ համակարգում առկա խնդիրները լուծելու համար։ «Առողջապահության ոլորտում ունենք մեծ խնդիրներ, նաև պետության միջամտության հետևանքով։ Պետական սուբսիդավորման համակարգը պետք է արմատապես փոխենք։ Քաղաքացին ինքը պետք է ընտրի այն բուժհաստատությունը, որտեղ բուժվելու է։ Այդպես մենք կնպաստենք միջոցների արդյունավետ օգտագործմանը, առողջապահության ոլորտում մրցակցության բարձրացմանը, ինչը կխթանի մատուցվող ծառայությունների որակի ապահովմանը»,- Մեղրիում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը։
Անդրադառնալով մարզերում գործող բուժհաստատություններին՝ վարչապետն ընդգծեց, որ քայլեր են ձեռնարկվելու դրանք մասնավոր կառավարման հանձնելու ուղղությամբ։
«Մենք պետք է ներգրավենք մասնավոր նոր կառավարիչներ, ովքեր բուժհաստատություններում կկատարեն նոր ներդրումներ, ինչը կնպաստի առողջապահության համակարգի զարգացմանը»,- ասաց նա։
Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ ներդրվելու է ռեգիոնալ կառավարման նոր համակարգ և մշակույթ։
«Մշակել ենք համայնքների կառավարման նոր մեթոդաբանություն, որի շրջանակում ստեղծվել են համայնքների զարգացման հնգամյա ծրագրեր»,- ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ նոր մեթոդաբանությունը կնպաստի քաղաքացիների ակտիվ մասնակցությանը համայնքի կառավարման գործին։
Մեթոդաբանությունը նախատեսում է, որ համայնքների ղեկավարները կառավարության և բնակիչներին պետք է ներկայացնեն ստարտային վիճակը, սահմանեն թիրախները, թե ինչ նպատակների են հասնելու։