
«Եթե չկարողանանք ինչ-որ բան փոխել ընտրություններով, պայքարը շարունակվելու է, նոր, պարտիզանական պայքար կսկսենք». «Արաբոյի» Մանվել

Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը նախընտրական քարոզարշավ իրականացրեց նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում:
Դաշինքի անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ելույթ ունեցավ՝ ասելով, որ այնպես պետք է անեն, որ իրենց տեսակը նորից բարձրանա. «Այս պայքարը ստամոքսի պայքար չէ, այլ մարդ մնալու, մարդ, որի կարիքն ունի այսօր հայոց աշխարհը: Ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը, երբ ժողովուրդը տառապում է ցավերի մեջ: Վախենալ պետք չէ. եթե ուզենանք, 300 հոգով էլ, ինչպես սպարտացիները ժամանակին, կարող ենք հաղթել. սատանան այնքան սարսափելի չէ, ինչքան նրան ներկայացնում են: Հարկավոր է ոչնչից չվախենալ, չստորանալ, պարտավոր ենք այս ամենին վերջ տալ: Եթե չկարողանանք ինչ-որ բան փոխել ընտրություններով, պայքարը շարունակվելու է, նոր, պարտիզանական պայքար կսկսենք. նրանք ձեզանից ավելի են վախենում, քան ձեզ ասել են»:
Դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն էլ ասաց, որ այսօր ընդդիմադիր դաշտում մի շատ հետաքրքիր ներկապնակ է ձևավորվել. «Ես չեմ հիշում՝ այս 25 տարիների ընթացքում, որ նման ընտրանի լինի: Հենց դրա համար է, որ իշխանությունն անընդհատ ասում է՝ ընդդիմություն չկա, միավորված չէ: Այստեղ հավաքվել են իսկապես ազգին նվիրյալ մարդիկ, ովքեր աշխատել են ազնիվ և անշահախնդիր: Մենք մեր աշխատանքով ապացուցել ենք դա»:
Վ. Օսկանյանի խոսքով՝ իրենց դաշինքում այնպիսի մարդիկ են, որոնք երկար տարիների կառավարման փորձ ունեն. «Այսօր բանակը մեր ամենակայացած կառույցն է, այսօր մենք դրա համար պարտական ենք Սեյրան Օհանյանին: Այս եռյակը՝ իր բոլոր համախոհներով, ունի տեսլական ապագայի համար»: