Բաժիններ՝

Արամ Աթեշյանը պատրիարքարանում ընդունել է իր մրցակցին՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանին

Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընդունել է Ստամբուլ ժամանած և տեղապահի պաշտոնում իր մրցակից Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:

Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Եղբայրական ողջագուրումից հետո հոգևոր հայրերը շարունակել են դեռևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսված քննարկումները պատրիարքական ընտրությունների շուրջ:

Ավելի ուշ Բեքչյանն այցելել է «Ժամանակ» օրաթերթի խմբագրատուն, որտեղ ներկայացրել է իր պատկերացումներն ու ակնկալիքները տեղապահի ընտրություններից: Նա քննադատել է նախորդ 9 տարիների ընթացքում կատարված մի շարք կարգադրություններ:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտնել է, որ տեղապահի պաշտոնում ընտրվելու պարագայում ջանքեր կգործադրի առաջ տանելու պատրիարքական ընտրության գործընթացը:

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները կանցկացվեն մարտի 15­-ին: Ընտրությունների արդյունքները կհայտարարվեն նույն օրը:

Տեղապահի ընտրություններում թեկնածություն են ներկայացրել երեք հոգևորական` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Ընտրությունների ժամանակ քվեարկությունը կիրականացվի դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա առավելագույն ձայները:

Ընտրված տեղապահը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թողնելու է փոխանորդի իր պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս