«Ի՞նչն ենք ՀԱՊԿ-ում մենք համարում ոչ այնքան արդյունավետ». Վիգեն Սարգսյան

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը:

Մարտի 11-­ին «Վալդայ» երկխոսության միջազգային ակումբի արտագնա նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Տարածաշրջանային առումով մեր արտաքին քաղաքականության հիմնարար բաղադրիչն է ռազմավարական միությունը Ռուսաստանի Դաշնության հետ, որն ամրագրված է մի շարք երկկողմ և տարածաշրջանային համագործակցության փաստաթղթերով։

Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը։ Մենք իսկապես հավատում ենք, որ այս կազմակերպությունը կարող է արժանի տեղ գրավել միջազգային հարաբերությունների համակարգում»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Նա նշեց, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ­ում դեռ կան խնդիրներ։ «Ի՞նչն ենք այդ կազմակերպությունում մենք համարում ոչ այնքան արդյունավետ.

ՀԱՊԿ անդամ երկրների՝ արտաքին քաղաքականությունում առաջնահերթությունների համադրումը։ Մենք տեսնում ենք, որ երրորդ կազմակերպություններում, այլ հարթակներում, այնուամենայնիվ, դեռ կա գայթակղությունը մի քիչ անտեսել ՀԱՊԿ գործընկերների շահերը որոշ անդամների կողմից։ Բայց ես կարծում եմ, որ դա կազմակերպության ներսում մանկական ձախլիկության պես հիվանդություն է, որը ժամանակի հետ պիտի անցնի»,­ ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։

Նա նշեց, որ սրա հետ մեկտեղ Հայաստանը բավականին ակտիվ գործակցում է ՆԱՏՕ­ի հետ, որը շատ թափանցիկ է Հայաստանի բոլոր գործընկերների համար։

«Մենք, մասնավորապես, կարևորում ենք խաղաղապահ առաքելությունը, որը մենք իրականացնում ենք ՆԱՏՕ-­ի ստորաբաժանումների կազմում Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում: Հայ խաղաղապահները բարձր արդյունավետությամբ կատարում
են իրենց պարտականությունները՝ նպաստելով խաղաղության ապահովմանը»,­-ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս