Ադրբեջանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին հակադրեց ռազմական ուժը. Վիգեն Սարգսյան
Արցախի Հանրապետության ժողովուրդը ԽՍՀՄ փլուզման ժամանակահատվածում օրենսդրության և միջազգային իրավական նորմերի շրջանակներում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը և տարիների ընթացքում կարողացել է ձևավորել արդյունավետ պետական կառավարման համակարգ, տնտեսական և ժողովրդավարության զարգացման հստակ մոդել:
Միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ցավոք, այդ ժամանակ Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ռազմական ուժը հակադրեց: Եվ չնայած սպառազինության, դեմոգրաֆիայի զգալի տարբերությանը՝ Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքները, ձևավորել պետական կառավարման արդյունավետ համակարգ:
Այսօր Արցախը առաջ է շարժվում տնտեսության զարգացման սեփական մոդելով, զարգացնում է ժողովրդավարությունը, և այս ամենը էականորեն տարբերվում է նրանից, ինչ առաջարկում է Ադրբեջանը», նշեց Վիգեն Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և արդեն 29 տարի ստիպված է պաշտպանել Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը:
«Այսօր էլ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը,
ուստի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ստիպված են ադեկվատ պատասխան տալ հակառակորդի գործողություններին և կանխել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը», ասաց ՀՀ պաշտպանության նախարարը: