ՀՀԿ և ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքի դեպքով ոստիկանությունը հրաժարվել է քրգործ հարուցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ և ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ:
Հիշեցնենք` փետրվարի 26-ին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ ծեծի էր ենթարկել ՀՅԴ-ական համագյուղացուն այն բանի համար, որ վերջինս հայտարարել էր ընտրություններում դաշնակցության օգտին աշխատելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործ չի հարուցվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի համաձայն` բացակայում է դիմողի բողոքը: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ՀՅԴ-ականները, լինելով տուժող կողմ, այլևս չեն ցանկանում խոսել միջադեպի մասին. «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանք հրաժարվել են մեկնաբանել ոստիկանության որոշումը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։