«Պետք է թվային տեսքով հաշվել, թե ի՞նչ արժե ԵՏՄ-ից ելքը». Մանե Թանդիլյան
««Ելք» նախընտրական դաշինքը համարում է, որ ՀՀ ԵՏՄ անդամակցությունը սխալ է»,- այսօր այս մասին ընտրություններին մասնակցող կուսակցությունների տնտեսական ծրագրային օրակարգին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ասաց «Ելք» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը՝ ներկայացնելով դաշինքի տնտեսական ծրագրային առաջնահերթությունները։
Մանե Թանդիլյանը նշեց, որ ծրագիրը, որը ներկայացրել է «Ելք» դաշինքը, իրենից ներկայացնում է ոչ թե ինչ, այլ՝ ինչպես։
Շեշտադրումները, նրա խոսքով, դրված են քայլերի վրա։ Մ. Թանդիլյանի գնահատմամբ՝ կոռուպցիայի, արդարադատության ներկայիս համակարգի պայմաններում տնտեսություն չի կարող զարգանալ, ուստի այս ոլորտներում աշխատանքներից հետո հնարավոր կլինի ձեռնամուխ լինել տնտեսության վերականգնմանը։ Նա նշեց, որ առանցքային մոտեցում է՝ պետք է վերականգնվի պետության մեջ միջին խավը, քանի որ տնտեսության զարգացման հիմքը միջին խավն է և նրա մեծացումը, ընդլայնումը թե՛ քանակական, թե՛ որակական իմաստով, իսկ Հայաստանում այսօր բևեռացում է տեղի ունենում։
«Մեզ անհրաժեշտ է նախ՝ վերականգնել միջին խավի գոյությունը, սկսել ստեղծել այն, կան մեխանիզմներ, լծակներ, որոնց մասին խոսել ենք ծրագրում։ Այդ թվին է դասվում փոքր և միջին ձեռնարկություններին տրվող արտոնությունները, որոնք մենք նախատեսում ենք։
Դուք գիտեք, որ շատ բարդ է մեր հարկային վարչարարությունը, և շատ հաճախ այն պարզապես մահակ է տնտեսվարողների գլխին, և ուղղակի որպես պատժամիջոց է կիրառվում։ Անհրաժեշտ է պարզապես հասկանալ, որ փոքր և միջին ձեռնարկություններին պետք է տալ հնարավորություն ընդլայնվելու՝ փոքրից դառնալու միջին և ընդլայնվելու, եթե անգամ թերացումներ կան հարկատեսակների վճարման մասով։ Առաջարկում ենք ավելի պարզեցված հարկման տեսակ փոքր և միջին ձեռնարկությունների համար, որպեսզի այս խավը զարգանա և ընդլայնվի մեր երկրում։
Նույն դրույթից ելնելով՝ ուզում ենք փոքր և միջին ձեռնարկությունների օմբուդսմենի ինստիտուտ հիմնադրել, որովհետև նրանք իսկապես անպաշտպան են այսօրվա Հայաստանի պայմաններում։
Շեշտադրում ենք անում ոլորտային զարգացումների վրա, այդ թվում՝ IT ոլորտի, որովհետև մեր պետությունը գլուխ է գովում, թե ՏՏ ոլորտը զարգացած է մեր երկրում, գերակա ճյուղ է, և այլն, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ առարկայական քայլեր չեն արվում, բացի այն, որ կազմակերպությունները ազատված են 3 տարով շահութահարկի վճարումից, այնինչ հայտնի է, որ այդ ոլորտում 3 տարով շահույթ չի էլ լինում, եթե լուրջ զբաղվում ես այդ ոլորտում գործունեությամբ։ Մենք առաջարկում ենք առհասարակ ավելի մեծ շեշտադրում կատարել այն ուժեղ կողմերի վրա, որոնք ունի Հայաստանը։ Այս դեպքում այդ ոլորտը բավական լուրջ ներկայացվածություն կարող է ունենալ և լուրջ մարտահրավեր նետել այլ պետություններին իր լուծումներով, մենք առաջարկում ենք ընդլայնել և շեշտադրումներ անել այդ ոլորտում։
Օրինակ՝ 150 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններին ազատել շահութահարկից, սա իրենից կենթադրի բազմաթիվ ներդրումներ այդ ոլորտի կողմից այստեղ և աշխատատեղերի ստեղծում, այնպիսի ոլորտի զարգացում, որն ըստ էության թափանցիկ և բարձր վարձատրվող ոլորտ է, դրա կարիքը կա, այս պահին էլ շուկայում կան աշխատատեղեր, աշխատողներ չեն գտնում, ուստի նաև կրթության մակարդակը և որակը պետք է բարձրացնել։ Սա ևս դրույթների մեջ է»,- մեկնաբանեց Մանե Թանդիլյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ առաջարկում են մաքսազերծման խոչընդոտների վերացում։ Նրա համոզմամբ՝ սա անհրաժեշտ է վերանայել արմատապես, և սա նույնպես խոչընդոտում է տնտեսական զարգացմանը։
«Հատկապես պետք է տրվեն արտոնություններ այն տեսակ արտադրանքներին, որոնք հնարավոր չէ արտադրել ՀՀ-ում և առաջնային է, միևնույն ժամանակ՝ խթանելով դրանց արտադրությունը ՀՀ-ում»,- նկատեց Թանդիլյանը։
Ի պատասխան միջոցառման վարող, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ Սաթիկ Սեյրանյանի հարցի, թե՝ ՀՀ ԵՏՄ անդամակցությունը, Հայաստանի արտաքին կողմնորոշումն ի՞նչ խնդիրներ է հարուցել ՀՀ տնտեսության համար, Թանդիլյանը պատասխանեց, թե համարում են, որ ՀՀ ԵՏՄ անդամակցությունը սխալ է, որ ՀՀ-ն չի զարգանում ԵՏՄ շրջանակներում, ինչն ապացուցվում է թվերով։
«Միացումը ԵՏՄ-ին՝ անկախ նրանից, որ «Ելք»-ում ներկայացված պատգամավորները դեմ են քվեարկել, տեղի է ունեցել, և պետք է հասկանանք, որ վնասներ ենք կրել և ունենք պարտավորություններ։ Ծրագրում շեշտված է՝ ԵՄ-ի հետ Ասոցացման և ԽՀԱԱԳ պայմանագրի կողմնակիցն է մեր դաշինքը, և պատրաստվում ենք վերսկսել մեր բանակցությունները։ Հարցը հետևյալն է, երբ վերցնում ես պարտավորություն, պետք է հաշվարկես բոլոր այն ռիսկերը, երբ դուրս ես գալիս, որովհետև մենք կնքել ենք բազմաթիվ պայմանագրեր, վերցրել ենք մեզ վրա որոշակի պարտավորություններ, և պետք է թվային տեսքով հաշվել, թե ինչ արժե ԵՏՄ-ից ելքը, և ստեղծել միջոցներ, հնարավորություններ՝ դա անելու համար, նախաձեռնել այդ գործընթացը»,- բացատրեց Մանե Թանդիլյանը։