Ակնհայտ սուտ մատնության ևս երկու դեպք. ոստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ
Գիտակցաբար սուտ մատնություններ կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված երկու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերով:
Այսպես, գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ սպանության և բնակարան հրկիզելու մեջ մեղադրվող, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Դավիթ Թամրազյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, Մաշտոցի քննչական բաժնի քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդմամբ հայտնել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննչական փորձարարության մասին քննիչի կազմած արձանագրությունը թեպետ ստորագրված է եղել ընթերակաների կողմից, սակայն վերջիններս այդ գործընթացին ներկա չեն եղել: Նախաքննության ընթացքում, սակայն, ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ կալանավորի հայտնած տեղեկությունները կեղծ են, և իրականում քննչական գործողությունն իրականացվել է ընթերակաների ներկայությամբ:
Հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Մյուս քրեական գործով էլ պարզվել է, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Դանիել Զաքարյանը, դարձյալ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի ենթարկելով ստիպել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ Եղեգնաձոր քաղաքում իր հարևանների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության և սպանության դեպքի վերաբերյալ: Դ. Զաքարյանը հայտնել է նաև, որ ոստիկանությունից իրեն տարել են Եղեգնաձորի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչն առանց իրեն հարցեր տալու արձանագրել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք: Սակայն նախաքննության ընթացքում Դ. Զաքարյանի հայտնած տեղեկությունները հերքվել են. պարզվել է, որ իրականում ոստիկանները Դ. Զաքարյանին չեն խոշտանգել, և վերջինս Հատուկ քննչական ծառայությունում տված հաղորդմամբ պարզապես ցանկացել է իր հարևանների մոտ համոզմունք ստեղծել, որ իրականությանը համապատասխանող հիշյալ ցուցմունքը տվել է պաշտոնատար անձանց կողմից իրեն հարկադրելու արդյունքում:
Հետաքննության մարմնի աշխատակիցներին և քննիչին առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար Դ. Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: