«Արցախի պաշտանության բանակն օգտագործում է կանխարգելիչ հարվածի մեթոդը». Գառնիկ Իսագուլյան
«Ապրիլյան քառօրյա, հուլիսյան դեպքեր… եթե դիտարկում ենք այս կոնտեքստում, տեսնում ենք, որ հայաստանյան իրականության մեջ՝ թե ներքին, թե արտաքին քաղաքականության, թե կադրային հարցերում, բավական լուրջ փոփոխություններ ու տեղաշարժեր են լինում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։
Հիշեցնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս կատարած այցերը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Հայաստան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցն Իրան, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ Ֆրանսիայում հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանի հարցացրույցի ընթացքում հստակ շեշտադրումեր են արվել՝ արտաքին քաղաքականության հետ կապված։
«Ինչո՞ւ չէ՝ նաև Ֆրանսիայի նախագահի հայտնի հայտարարությունը՝ հետաքննության մեխանիզմների ներդրման խնդրի առնչությամբ, որտեղ հստակ նշվում է, որ այլևս հարկավոր է հատուկ հետաքննության մեխանիզմներ կիրառել, որի արդյունքում երևալու է, թե կողմերից ով է խախտում հրադարարի ռեժիմը, և չի բացառվում, որ դրան հաջորդի պատժիչ մեխանիզմների կիրառում։ Ի՞նչ կոնտեքստում կամ ինչպե՞ս հասկանալ սա, մի փոքր դժվար է, բայց ես կարծում եմ՝ սա շատ հստակ ազդանշան է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և այն քաղաքականությանը, որ այն որդեգրել է։ Այդ նույն հարցազրույցի ընթացքում Հանրապետության նախագահը հստակ մատնանշում է բոլոր այն պարագաները, որոնց դեպքում հնարավոր է բանակցությունների գործընթացում որոշակի առաջընթաց ապահովել, բայց դրանք ձախողվել են հենց Ադրբեջանի մեղքով»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։
Նա նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից և հատկապես կառավարության կազմում կատարված փոփոխություններից, Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելուց հետո շփման գծում բավական լուրջ փոխվել է գործունեության ձևը.
«Լեռնային Ղարաբաղի պաշտանության բանակն այժմ ոչ թե սպասում է, մինչև Ադրբեջանը գործողությունների գնա, և դրան պատասխան տա, այլ օգտագործում է կանխարգելիչ հարվածի մեթոդը։ Դա այն է, երբ տեսնում ես՝ թշնամին որոշակի ուղղություններով նախապատրաստվում է ներթափանցման գործունեություն ծավալել, և կանխարգելում ես այդ գործողությունը։ Դրանք կանխարգելիչ գործողություններ են, որ հիմա Արցախի Հանրապետությունը հրաշալիորեն կիրառում է հակառակորդի ներթափանցման փորձերի նկատմամբ։ Սրանք բոլորը գալիս են ապացուցելու և ասելու մի շատ հստակ և կարևոր բան՝ քառօրյա պատերազմից և նախորդ տարվա հուլիսյան դեպքերից հետո բավականին լուրջ հետևություններ են արվել, և դա մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի վերնախավի (համենայն դեպս, դա իմ ենթադրությունն է) և՛ մտածողության, և՛ գործողությունների վրա, որի արդյունքում կառավարության կազմի լուրջ փոփոխություններ ունեցանք, Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման ուղղվածության հետ կապված նոր ոճ, մտածելակերպ բերեց, որն այսօր ներդրվում է Հայաստանի տնտեսական զարգացման մեջ։ Եվ գուցե այդ փոփոխությունների, այդ ամենի արդյունքում էր, որ Հանրապետական կուսակցությունն իր քարոզարշավի հիմնական լոզունգ ընտրեց հետևյալը՝ անվտանգություն և առաջընթաց»։