Ո՞րն է քարոզարշավի ընթացքում նյութական խոստումների հետևանքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացրել է «Ծառուկյան» դաշինքին՝  քարոզարշավի ընթացքում զերծ մնալ դրամական և նյութական խոստումներից։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ խոստումները շարունակվելու դեպքում հանձնաժողովը համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի՝ ըստ Ընտրական օրենսգրքի:

«Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, նախօրեին Տավուշի մարզի բազմաթիվ բնակիչների օգնություն տրամադրելու խոստումներ էր տվել։ Սակայն անգամ ԿԸՀ զգուշացումից հետո Ծառուկյանն այսօր Արմավիրի բնակիչներին շարունակում էր նյութական խոստումներ տալ՝ ընդգծելով, որ դրանք կիրականացնի ապրիլի 2-ից հետո:

«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ծառուկյանի այսօրվա խոստումները, թեկուզև ապրիլի 2-ից հետո իրականացնելու պայմանով, միանշանակ օրենքի խախտում է, որովհետև օրենքն արգելում է ընտրական գործընթացի ընթացքում որևէ նման խոստում տալ կամ նվիրատվություն կատարել։

«Օրենքը հստակ ասում է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությանն արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ինչ-որ խոստում տալ։ Եվ ժամկետը նշվում է հստակ՝ նախընտրական քարոզչության ժամանակ, քվեարկության նախորդ և քվեարկության օրն ընկած ժամանակահատվածում։ Այսինքն՝ եթե նույնիսկ այսօր նա խոսք է տալիս, որ փոխհատուցելու է 20 կամ 10 տարի հետո, կապ չունի, այդ խոստումը տալիս է քարոզչության ժամանակահատվածում, և դա արգելվում է։ Այսինքն՝ ևս մեկ անգամ խախտել են օրենքը, և իրավապահ համապատասխան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն»,- ասաց Ա.Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ ԿԸՀ-ի կողմից զգուշացումից հետո, եթե ևս մեկ անգամ խախտվում է, ԿԸՀ-ն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, այսինքն՝ վարչական իրավախախտումների մասով նախատեսվում է տուգանք՝ 1 մլն դրամից սկսած։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ տվյալ քաղաքական ուժի մասնակցությունն ընտրություններին կասեցվի կամ սառեցվի, փորձագետը պատասխանեց. «Եթե շարունակական բնույթ կրի և ընտրական ընդհանուր գործընթացի վրա էական ազդեցություն ունենա, ապա, կարծում եմ, որ ԿԸՀ-ն պետք է քննարկի նաև գրանցման հարցը»։

Տեսանյութեր

Լրահոս