«Ես չեմ կարծում, որ դուք եկել եք Հանրապետական կուսակցության շտաբի մոտ՝ ձեզ գովերգելու». Կոնդում մի կին խոչընդոտեց ՀԱԿ-ի քարոզարշավին
Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այսօր իր խաղաղության ծրագիրը ներկայացրեց Երևանի Կոնդի բնակիչներին։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գլխավորությամբ դաշինքի անդամները շրջում էին Կոնդի փողոցներում, շփվում բնակիչների հետ, բաժանում ընտրական բուկլետներ։
Փողոցներից մեկում լրագրողները շրջապատեցին Լ.Զուրաբյանին և հարցեր ուղղեցին նրան խաղաղության ծրագրի մասին։ Զուրաբյանը ներկայացրեց 1998թ. Հայաստանում տեղի ունեցած «հեղաշրջման» փաստը, որի նպատակը, ըստ նրա, Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իր խաղաղության ծրագրով, հեռացնելն էր իշխանությունից, որից հետո վարվող անհեռատես քաղաքականության հետևանքով տարիներ շարունակ քայքայվել է ՀՀ անվտանգությունն ու ապահովվել միայն հետընթաց, և այժմ այն հանգամանքը, որ 18 տարի հետո ՀՀԿ-ն հանդես է գալիս անվտանգության կարգախոսով, խոստովանություն է, որ ամենակարևոր հարցերից մեկը՝ անվտանգության խնդիրը, տապալվել է, քանի որ իշխանությունը զբաղված է եղել երկիրը կեղեքելով։
«Ամենակարևոր հարցերից մեկը նա է, որ ամեն մարդ իր տարածքում պետք է միկրոֆոնը վերցնի, խոսի։ Սերո՛բ, տարեք ձեր տարածք»,- հանկարծ Լ.Զուրաբյանի խոսքն ընդհատեց մի տարեց կին՝ հայտարարելով, որ իրավունք չունեն գալ և ՀՀԿ շտաբի մոտ քարոզ անել։
«Հայաստանը բաժանել եք խանությունների՞»,- հարցրեց Լ.Զուրաբյանը։
«Չեմ բաժանել, բայց ես չեմ կարծում, որ դուք եկել եք Հանրապետական կուսակցության շտաբի մոտ՝ ձեզ գովերգելու»,- պատասխանեց կինը և պահանջեց ազատել տարածքը, քանի որ փողոցը սեփականաշնորհված է շինության տիրոջ կողմից։
«Իսկ դուք գիտե՞ք, որ խոչընդոտում եք ընտրական իրավունքը»,- ասաց Զուրաբյանը։
Տիկինը չհամաձայնեց և հայտարարեց, որ այդ Զուրաբյանն է չարաշահում իր իրավունքները։
Լրագրողի հարցին, թե ո՞վ է հրահանգել, որ խոչընդոտի ՀԱԿ-ին, տիկինը վրդովված պատասխանեց, թե ինքը ՀՀ քաղաքացի է, ունի սեփական կարծիք և հրահանգավորման կարիք չունի։ Նա նոր պատճառաբանություն ներկայացրեց, թե հավաքվածները խոչընդոտում են իր տուն ելումուտին։
«Բոլորիդ համար ակնհայտ է, թե ինչպիսին են ՀՀԿ պատկերացումները ժողովրդավարության մասին»,- արձանագրեց Լ.Զուրաբյանն ու շարունակեց քարոզարշավը։